«Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
Հայտնի են «Ոսկե ծիրան-14» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը:
Այսօր փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը լրագրողներին հայտնեց, որ 1100 հայտերից ընտրված 47 ֆիլմերը կպայքարեն հիմնական երեք մրցութային ծրագրերում, որոնցից 12-ը` Միջազգային խաղարկային մրցույթում, 16-ը` Միջազգային վավերագրականում և 19-ը՝ Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում:
«Հիանալի ֆիլմեր են ընդգրկված։ Օրինակ` Չեխիան ներկայացնող Յուլիուս Շևչիկի «Մասարիկը», Վրաստանից ֆիլմը` «Խիբուլա»-ն։ Վրաստանից շատ հայտեր կային, բոլորն էլ լավ ֆիլմեր էին: Հնդկաստանից էլ մեկ ֆիլմ կա` Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան»-ը»,- ասաց Ստամբոլցյանը:
Այս անվանակարգում հայկական ֆիլմերից ներառվել է Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը:
«Միջազգային վավերագրական մրցույթ» անվանակարգում 16 ֆիլմ է ընդգրկված:
«Վավերագրական ֆիլմերն այս տարի հիմնականում մարդկային ճակատագրերի մասին են, մարդ մնալու պայքարի մասին: Ունենք ինչպես պրեմիերաներ, այնպես էլ ֆիլմեր, որոնք մի շարք մրցանակների են արդեն իսկ արժանացել»,- նշեց «Ոսկե ծիրան»-ի փոխտնօրեն, կինոռեժիսոր Արա Խանջյանը։
Նաև ասաց, որ Հայաստանից այս անվանակարգում ընդգրված է երկու ֆիլմ՝ Արա Մնացականյանի «Դատավարություն» ֆիլմը, որը պատմում է Սողոմոն Թեհլերյանի մասին և Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» ֆիլմը։
«Հայկական համայնապատկեր» անվանակարգը ներկայացրեց փառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը. «19 ֆիլմերի հնարավորություն է ընձեռել այս անվանակարգերում. «Ծրագրում ընդգրկված ֆիլմերի 80 տոկոսը պրեմիերաներ են: Կան ֆիլմեր էլ, որոնց մասին շատ-շատ ենք լսել, սակայն փառատոնին մասնակցելու դրական կողմերից մեկն էլ այն է, որ մենք քննարկումներ ենք ստեղծելու այդ ֆիլմերի շուրջ»։
«Հայկական համայնապատկեր» անվանակարգում ընդգրկված են Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ», Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լավ էր լինում», Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայները», Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան», Գիորգի Սիխարուլիձեի «Կարմիր խնձորներ» և այլ ֆիլմեր:
«Ոսկե ծիրան-14» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան