Բաբլոյան. Ադրբեջանի ագրեսիան ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
«Տնտեսական համագործակցության զարգացումը պետությունների միջև հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում կան հակամարտող տարածաշրջաններ, որտեղ կայուն խաղաղության վերականգնումը պահանջում է հսկայական ջանքեր»,-այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանների ղեկավարների Եվրասիական երկրորդ հանդիպմանը:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է մեր տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար միակ ձևաչափը միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբն է, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ:
Ա. Բաբլոյանն ասել է, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահների հայտարարությունների՝ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի և տարածքային ամբողջականության հիման վրա, որոնք հակամարտության կարգավորման տարրերի հետ համանախագահող երկրները հետևողականորեն ներկայացնում են որպես միասնական ամբողջականություն:
Համանախագահների առաջարկը նաև նախատեսում է ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կամքի արտահայտումը՝ իրավաբանորեն պարտավորեցնող հանրաքվեի միջոցով:
«Ադրբեջանը հետևողականորեն խափանում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ հրաժարվելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի պատասխան համանախագահող երկրների՝ ուժի օգտագործման կամ կիրառման սպառնալիքի դատապարտման՝ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ միջազգային իրավունքը անարդյունավետ է, և միայն ուժի կիրառմամբ կարելի է լուծել խնդիրը: Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մշտապես հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ ես կոչով դիմում եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին՝ նպաստելու խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը»,-ասել է ԱԺ նախագահը:
Իր ելույթում նա անդրադարձել է սահմանդրական բարեփոխումների արդյունքում խորհրդարանական կառավարման համակարգի անցմանը:
«Այս տարվա ապրիլի 2-ին Հայաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Դրանք ուշագրավ էին միջազգային դիտորդների աննախադեպ քանակով, որոնք հայտարարել են, որ ընտրություններն անցել են լավ կազմակերպված, պահպանվել են հիմնարար ազատությունները, և այդ ընտրությունների արդյունքները արտացոլում են ժողովրդի կամքը: Գործընկերներ, խաղաղության, կայուն զարգացման և բարեկեցության ցանկությունը համապատասխանում է մեր ժողովուրդների ձգտումներին:
Չինացի մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է՝ երբ ճանապարհները նույնը չեն, ծրագրեր միասին չեն կազմում: Մեր դեպքում բոլորս պետք է հավասարապես ձգտենք խաղաղության, բարգավաճման և համագործակցության:
Ցանկանում եմ հույս հայտնել, որ այս ձևաչափը կտեղավորվի ոչ միայն մեր երկրների և խորհրդարանների փոխշահավետ համագործակցության շրջանակում, այլև կնպաստի միջանձնային շփումների հաստատմանը»,-ելույթն ավարտել է ԱԺ նախագահը:
Արա Բաբլոյանի ելույթն ամբողջությամբ՝ ԱԺ պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյանն առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում
- Բաբլոյան. Ակնկալում եմ ղազախական կողմի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հարցի շուրջ
- Արա Բաբլոյան. Որոշ երկրների գործունեությունը պետք է լինի Եվրոպայի ուշադրության կենտրոնում
- Որևէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից. Արա Բաբլոյան
- Արա Բաբլոյան. Հայաստանը և Ադրբեջանն ընթանում են տարբեր ճանապարհներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան