ՊԵԿ նախագահն իր ունեցվածքի, խոշոր ընկերություններում ստուգումների մասին
«Ես կարող եմ ձեզ հավատացնել, որ մենաշնորհների ու ստվերի դեմ ամեն օր պայքարում ենք, ունե՞նք արդյունքներ, թե՞ ոչ, ինձ թվում է՝ բյուջեի կատարողականի հինգ ամսվա թվերը փաստում են, որ դրական միտումներ կան»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ որևէ երկրում ստվերը 100 տոկոսով վերացված չէ, ուղղակի պետք է ամեն օր հետևողական պայքար իրականացնել դրա դեմ:
Դիտարկմանը, թե «Քեթրին Գրուպ» ընկերությունում տեղի ունեցած ստուգումնե՞րն էլ են այդ համատեքստում դիտարկում, ՊԵԿ նախագահը նշեց, որ «Քեթրին Գրուպ»-ը տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող է առաջանալ ցանկացած խնդիր, ինչպես և բոլոր տնտեսվարողների մոտ. «Եթե մենք ունենք որոշակի ռիսկեր որևէ ընկերությունում, բնական է, որ պետք է ստուգվեն»:
Վարդան Հարությունյանը նշեց, որ այլ խոշոր սուբյեկտներում ևս ստուգումներ իրականացնելու են:
Հարցին, եղե՞լ է մի խոշոր տնտեսվարող, որը նախքան իր պաշտոնավարելը ստվերում է գործել, բայց ինքն այդ ընկերությանը բերել է հարկման դաշտ, ՊԵԿ նախագահն ասաց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևիցե չի փորձել ձեռքբերումները հանրայնացնել և դրանց մասին բարձրաձայնել:
«Այսօր կարող ենք արձանագրել, որ հարկային եկամուտների աճ կա վերջին 8-9 ամիսներին, և դրանով կարելի է փաստել այն հաջողությունները, որոնք ունեցել ենք»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե դա խիստ գաղտնի տեղեկությո՞ւն է, Վարդան Հարությունյանն ասաց, որ ուղղակի հարկային գաղտնիք կա. «Ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է թույլ տալ սխալներ, ստուգման արդյունքում այդ սխալներն ի հայտ են գալիս և շտկվում են, որի արդյունքում պետբյուջե տուգանքի տեսքով գումարներ են վճարվում: Եթե վճարվել է, մարդիկ շտկել են, ինչո՞ւ եք դուք հիմա ուզում ցեխ շպրտել այդ մարդկանց վրա»:
Ի պատասխան հարցին, թե վարչապետը հայտարարել է՝ պետք է հրապարակային գործել, ՊԵԿ նախագահն ասաց, որ վարչապետի կոչին համահունչ է այսօր լրագրողների հետ զրուցում:
Անդրադառնալով իր ունեցվածքին՝ Վարդան Հարությունյանը նշեց, որ մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսն աշխատել է բիզնեսում:
«Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա, եթե հաջողակ բիզնեսմենը պետք է չունենա որոշակի կարողություն, իմ համար դա ընդունելի չէ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե երկու առանձնատո՞ւն, երեք բնակարա՞ն, նշեց, որ կարող է վեցն ունենալ:
Հարցին՝ հիմա բիզնեսներ չունե՞ք, Վարդան Հարությունյանն ասաց, որ ինքը չունի, իր ընտանիքի անդամներն են հիմա դրանով զբաղվում:
«Իսկ չե՞ք հովանավորում նրանց, շահերի բախում չկա՞»,- հարցրեցին լրագրողները, ՊԵԿ նախագահն էլ արձագանքեց, որ կարող են բաց ու հրապարակային ինֆորմացիա ունենալ, հովանավորություն իր կողմից համենայնդեպս չի եղել:
Վարդան Հարությունյանը նշեց նաև, որ եթե բյուջեից թալանված գումարներ կան, պետք է հետ բերվեն բյուջե. «Հարցնում եք՝ ինչպե՞ս է, որ ՊԵԿ-ում աշխատակիցներ են կալանավորվում, ես միանշանակ կողմ եմ, որ եթե մարդիկ ինչ-որ հանցանք են գործում, դրա համար պետք է պատասխան տան»:
Հարցին, թե ինչպե՞ս են հարստացել Հայաստանի պաշտոնյաները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ես շատ գիտեմ ինչպես են հարստացել: Եթե դուք նման ինֆորմացիա ունեք, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, ուրիշի կարողությունն էլ չեմ հաշվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են