ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձևի նախագիծը, որը ներկայացնում է շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն, ով նաև ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԵԽ դիտորդական առաքելության ղեկավարն էր։
Այս բանաձևի նպատակն է փոփոխություններ կատարել ԵԽԽՎ Կանոնակարգում ու նրանում ներառել նաև ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի հնարավորությունը, որը ներկայումս բացակայում է։ Բանաձևի ընդունումը հնարավորություն կտա հեռացնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին նախագահի պաշտոնից։ Ներկայումս նախագահը պաշտոնից կարող է հեռանալ միայն կամավոր հրաժարականի միջոցով, ինչը, ինչպես հայտնի է, Պեդրո Ագրամունտը հրաժարվում է անել արդեն մի քանի ամիս։
Բանաձևի նախագծում ասվում է, որ վեհաժողովի անդամները պարտավոր են լինել պատասխանատու ու պահպանեն հատկապես էթիկայի կանոնները։ ԵԽԽՎ Կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է առավել խստացնել պահանջները ԵԽԽՎ նախագահի և մյուս ընտրովի պաշտոնների համար։
«Վեհաժողովի ժողովրդավարական գործունեության ապահովման համար ընտրովի պաշտոններ զբաղեցնողները՝ ԵԽԽՎ նախագահը, փոխնախագահները, ինչպես նաև հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները, պետք է հաշվետու լինեն իրենց գործողություների համար նրանց առաջ, ովքեր ընտրել են իրենց։
Հանձնաժողովը ցանկանում է վերահաստատել հաշվետվողականության սկզբունքի կարևորությունը, որը ներառում է թափանցիկության պարտականություն ու կատարած գործողությունների համար պատասխանատվություն՝ առանց որի վեհաժողովը չի կարող վստահություն ունենալ նրանց նկատմամբ, ում ընտրել է այդ պաշտոնում»,-ասվում է բանաձևի նախագծում։
Այս սկզբունքների լիակատար ճանաչման ապահովման համար հանձնաժողովը վեհաժողովին առաջարկում է փոփոխել իր կանոնակարգային դաշտն ու ստեղծել ընթացակարգ, որով պաշտոնյաները պետք է հաշվետու լինեն վեհաժողովին, ինչպես նաև ընթացակարգ, որով հնարավոր կլինի հեռացնել պաշտոնյային իր ղեկավարման ժամանակահատվածում։
Բանաձևի ընդունմամբ ԵԽԽՎ Կանոնակարգում կատարված փոփոխությունից հետո վեհաժողովում ներկայացվում է կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ, որը հրապարակվում է 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ ու այն ընդունված կհամարվի, եթե ստանա ձայների երկու-երրորդի հավանությունը։
Այնպես որ, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի իմպիչմենտին, հնարավոր է, մնացել են հաշված ժամեր։
Հարակից հրապարակումներ`
- Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է. Միքայել Մելքումյան
- «Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ». Նաիրա Զոհրաբյան
- Ֆրենկ Շվաբե․ Ադրբեջանը դեմ է եղել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի ստեղծմանը
- Պեդրո Ագրամունտը չվերադարձավ ԵԽԽՎ դահլիճ
- Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
- ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում առաջնահերթութուն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության գործընթացը. Ա. Հովհաննիսյան
- Նաիրա Կարապետյան․ «Պեդրոյի վկաները» փորձում են փրկել ԵԽԽՎ նախագահ Ագրամունտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան