Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով երեք տրանսպորտային հանգույց կկառուցվի
Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ նախատեսվում են իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Նրա խոսքերով՝ երեք խոշոր հանգույցների կառուցման նախագծային փաթեթներ են ստեղծվում: Առաջինը՝ Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորումն է: «Այստեղ առաջարկվում էր վերգետնյա ճանապարհի տարբերակ, սակայն այն չի ընդունվել, քանի որ կխաթարեր քաղաքաշինական միջավայրը: Հիմա քննարկվում է նոր տարբերակ»,- ասաց Կամո Արեյանը:
Երկրորդը Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների՝ կրկեսին հարող ստորգետնյա տրանսպորտային հանգույցի ստեղծման ծրագիրն է, որի նախագծային փաստաթղթերը ևս պատրաստվում են: «Այն ևս էականորեն կբեռնաթափի այդ երեք փողոցների խաչմերուկի ծանրաբեռնվածությունը, քանի որ դրանից վերև՝ Ագանթանգեղոս-Խանջյան-Չարենց-Սայաթ-Նովա առանց լուսացույցի երթևեկն ապահովված է մինչև Հերացի փողոց»,- նշեց փոխքաղաքապետը:
Երրորդը՝ Իսակով-Լենինգրադյան նոր ճանապարհի կառուցման շարունակականությունն է: «Իսակովի պողոտայի վրա՝ Երևանյան լճից վերև կա նոր կառուցված կամուրջ, որն ունի իր շարունակությունը: Այն, ուղիղ հատելով Հրազդանի կիրճը, ներքևի հատվածով դուրս է գալիս Կոմիտասի անվան զբոսայգի և հատվում Արշակունյաց պողոտայի հետ: Այս փողոցի շինարարությունն արդեն կամբողջացնի շրջանցող ճանապարհի իրականացումը, որով կապահովվի նաև ուղիղ երթևեկ դեպի Արշակունյաց փողոց»,- ասաց Կամո Արեյանը՝ հավելելով, որ բոլոր այս ծրագրերի նախագծային փաստաթղթերը պատրաստվում են և այդ ծրագրերը նախատեսվում է իրականացնել մինչև 2022 թվականը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին