Վարուժան Ավետիսյանն ո՞ւմ է ուզում իր հետևից նույն անդուդը գլորել. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ»-ը գրել է. «Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը, ով այդ գրոհն իրականացրած զինված խմբի պարագլուխներից մեկն է համարվում, վերջին դատական նիստերից մեկի ժամանակ բռնության բացահայտ կոչեր արեց: Դե, նման մեղադրանքներով ճաղերի ետևում հայտնված անհավասարակշիռ անձնավորությունը հազիվ նման դրսևորումների է ընդունակ:
Վարուժան Ավետիսյանի՝ զենք վերցնելու և պետության ղեկավարներին ֆիզիկապես ոչնչացնելու կոչը, բնականաբար, չանտեսվեց նիստը նախագահող դատավորի կողմից: Վարուժան Ավետիսյանի նկատմամբ դատարանի դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառվեց՝ դատավարության ընթացքը խախտելու և տեղից հայտարարություն անելու համար: Վարուժան Ավետիսյանի կոչը հուսահատ մարդու արարք էր: Անհասկանալի է, թե ում էին ուղղված այդ կոչերը: Կամ երբ ինքն ու մնացյալը այդկերպ վարվեցին, ինչի՞ հասան: Ոչ մի բանի: Նրանց առնվազն մի քանի տասնյակ տարիների ազատազրկում է սպառնում: Եվ անհասկանալի է, թե Վարուժան Ավետիսյանն ո՞ւմ է ուզում իր հետևից նույն անդուդը գլորել, որտեղ հիմա ինքն է: Համաձայնեք, իսկապես էլ անհեթեթ պահվածք է:
Վարուժան Ավետիսյանի նման մեկն էլ կար: Խոսքը ահաբեկիչ Նաիրի Հունանյանի մասին է: Իհարկե, նրանց արածներն անհամեմատելի են իրենց հետևանքներով, բայց մեխանիկան և գործողությունների հիմնական ուղղությունը նույնն են՝ Հայաստանի Հանրապետության դեմ: Ավելին, Նաիրի Հունանյանն էլ էր ժողովրդին կոչեր անում, թե հավաքվեք, եկեք և այլն: Բայց էլի, բնականաբար, ստահակի կոչերին արձագանքողներ չեղան, իսկ Ազգային ժողովի շենքի մոտ եկածներից շատերն էլ, հնարավորության դեպքում, ուղղակի շանսատակ կանեին ահաբեկչին: …
Հետաքրքիր է, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների ազատությունը պահանջողները ինչո՞ւ միանգամից նաև Նաիրի Հունանյանին ու նրա՝ դեռ ողջ մնացած մարդասպաններին ազատ արձակելու պահանջներ չեն դնում: Բայց չշտապենք, քանի որ արդեն «սասնածռական» համացանցային «քննարկումներում» մեկ-մեկ նաև Նաիրի Հունանյանի օգտին են ինչ-որ ակնարկներ անում, այնպես որ, շուտով նրան ևս կհռչակեն քաղբանտարկյալ, ինչպես որ՝ Վարուժան Ավետիսյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: