«Գրքի բանկ»՝ Երևանում
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Գրքի բանկ» ծրագիրը: Մեկնարկը տրվել է այսօր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, համաձայն գաղափարի, բոլոր ցանկացողները հատուկ տեղադրված տաղավարում կարող են թողնել գրքեր:
Նվիրատվության տաղավարն այս տարի կրկին տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ: Ծրագիրն ունի ինչպես բարեգործական, այնպես էլ կրթադաստիարակչական նշանակություն և միտված է հատկապես երիտասարդության շրջանում գրքին ու ընթերցանությանը ուշադրություն սևեռելուն:
Հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև տարբեր զորամասերի գրադարաններին։