Արցախի ՀՆԱ-ն 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 43,3 մլրդ
Հունիսի 28-ին Ազգային ժողովը գումարել է 6-րդ գումարման 5-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայ ժողովրդին շնորհավորել է Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ և ԱԺ նիստի մասնակիցների անունից մաղթել կամք, տոկունություն և բարեկեցություն:
Մտքերի փոխանակությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ հանդես է եկել ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Հաշվետվության վերաբերյալ համապատասխան եզրակացություններն են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ԱԺ ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: Հաշվետվության վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել նաև խմբակցությունների ղեկավարները:
22 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորներն ԱԺ որոշումամբ ընդունել են ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Կառավարության մասնակցությամբ: Գործադիր իշխանության անդամները վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են ՏԻՄ ընտրությունների, բնակարանաշինության, արտաքին քաղաքականության, առողջապահության, հակակարկտային համակարգի արդյունավետության, արտեզյան հորերի տեղադիրքի, բնագիտական մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման, ճանապարհաշինության և այլ թեմաների վերաբերյալ պատգամավորների առաջադրած հարցերին:
Շարունակելով նիստը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նրա փոխանցմամբ 2017թ-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 43,3 մլրդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,1%-ով:
«Աժ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նստաշրջանի ավարտին խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության մասին տարեկան հաղորդումը: