Դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացվել. Կարեն Փոլադյան
Դատական կարգադրիչներն իրենց լիազորություններն են իրականացնում՝ զննության ենթարկելով դատարան մուտք գործող բոլոր անձանց, այդ թվում փաստաբաններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են դատարան մուտք գործելիս ստուգում փաստաբանների պայուսակները:
«Պրակտիկան եղել է, գուցե դուք չեք նկատել: Գուցե չի եղել պարբերաբար, բայց մենք աստիճանաբար հասնելու ենք այն վիճակին, որ բոլոր դատարաններում, բոլոր անձինք, երբ մուտք գործեն դատարան, կլինի մեղադրող, փաստաբան, կամ այլ անձ, ենթարկվի զննության»,- նշեց նա՝ հավելելով, որ դա արվում է բացառապես դատարանում գտնվող անձանց, դատավարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու, դատարանում հասարակական կարգն ապահովելու նպատակով:
«Որևէ այլ նպատակ այս զննությունն իրենից չի ենթադրում»,- ասաց Կ. Փոլադյանը:
Նա ընդգծեց, որ որևէ դատական կարգադրիչի չի հետաքրքրում, թե փաստաբանների պայուսակներում և դրամապանակներում ինչ կա. «Մենք ընդամենն առաջարկում ենք փաստաբաններին, իրենց պայուսակներից կամ գրպաններից հանել, կամ իրենց հետ դատարան չբերել այն բոլոր իրերը, որոնք առիթ են տալիս սարքին ձայնային ազդանշան հանելու: Որևէ մեկիս չի հետաքրքրում, թե փաստաբանների պայուսակներում կան արդյոք փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթեր կամ այլ իրեր»:
Դատական դեպարտամենտի ղեկավարն ասաց, որ անելու են ամեն ինչ, որպեսզի ունենան բավարար տեխնիկական միջոցներ բոլոր դատարաններում մուտք գործող բոլոր անձանց զննության ենթարկելու համար, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում:
Նրա խոսքով, զննում իրականացնելու լիազորությունը հայեցողական է կարգադրիչների կողմից, դատական կարգադրիչը յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում կարող է որշում կայացնել՝ զննություն իրականացնել, թե ոչ՝ ոչ թե կամայականությունից ելնելով, այլ իրավիճակից բխող գործողություններ կատարելու համար. «Օրինակ, գուցե լինի ամուսնալուծության պահանջ կամ սպանության մեղադրանքով ներկայացված գործ: Սրանք տարբեր բաներ են, կոնկրետ պարագայում դատական կարգադրիչն ինքն է որոշում՝ կա արդյոք հասարակական կարգի խախտման վտանգ կամ անվտանգության լրացուցիչ միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն, թե ոչ»:
Հարցին, թե փաստաբաններն այստեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում, քանի որ հիմնական դեպքերը տեղի են ունենում «Սասնա ծռեր»-ի կամ Ժիրայր Սեֆիլյանի գործերով դատավարությունների ժամանակ, Կ. Փոլադյանն ասաց. «Հավաստիացնում եմ բոլորիդ, որ դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացվել: Մենք իրացնում ենք մեր լիազորությունը, որը բխում է բոլորիս անվտանգության շահերից»:
Հարակից հրապարակումներ`
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- Դատարանի վարչական շենք մտնելիս փաստաբանը չի կարող խուզարկվել. Փաստաբանների պալատ
- Այս դատարանում օրինական պահանջ ներկայացնելը հղի է անցանկալի հետևանքներով. Փաստաբան Պապիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին