Կարկատան-կարկատան անելով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն սկզբունքորեն չես պահի. Դավիթ Հարությունյան
Հայաստանյան քրեակատարողական հաստատություններում պահվում է 4000 հոգի, որոնցից մոտ 1150-ը կալանավորված անձիք են, մնացածը՝ դատապարտված: Ազգային ժողովում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ նախորդ տարվա ընթացքում քրեակատարողական ոլորտի հետ կապված մի քանի կարևոր աշխատանք է տարվել. 900 հազար եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակում 800 քրեակատարողական ծառայող՝ առողջապահական տեսանկյունից, անցել է վերապատրաստում, 11 ՔԿՀ-ի բուժմասերի համար սարքավորումներ են ձեռք բերվել: ՔԿՀ-ներում, նախարարի ներկայացմամբ, իրականացվել է էներգախնայողության ծրագիր:
Պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե որքա՞ն միջոցներ և ժամանակ է պետք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի միջանցքներում տիրող գարշահոտությունը վերացնելու համար, որն ուղղակի երբեմն սարսափելի է, Դ. Հարությունյանն ասաց. «Հարցի լուծումը պահանջում է երկարատև, շատ ռեսուրսատար աշխատանք, որովհետև «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ունի համակարգային պրոբլեմ՝ կոյուղագծեր, կառուցման ստրուկտուրա:
Անկեղծորեն ասեմ, եթե լիներ այլընտրանք`արդյոք գումարը ներդնել այն կապիտալ վերակառուցելու համար՝ կոյուղագծերը, համակարգն արմատապես փոխել, թե ծախսել նոր քրեակատարողական հիմնարկի՝ թեկուզ առաջին փուլի կառուցման վրա, կնախընտրեի երկրորդը, որովհետև կարկատան-կարկատան անելով այդ հաստատությունը սկզբունքորեն չես պահի: Կվատնենք մեր սուղ ռեսուրսները կարկատանների վրա: Մեզ պետք է համակարգային լուծում»:
Նրա խոսքով, «Արմավիր» ՔԿՀ-ն կառուցելով, լուծել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հետ կապված մի հարց. զրոյական հարկում խցեր չկան, որտեղ մարդիկ են պահվում, մնացել է միայն կարանտինը:
«Մենք քաջ գիտակցում ենք մեր խնդիրները, բայց առաջնահերթությունը, կարծում եմ, պայմանավորված չէ զուտ գարշահոտությամբ: Նմանատիպ իրավիճակ կարող եք տեսնել այլ քրեակատարողական հաստատություններում: Եթե պրոբլեմները ես սկսեմ թվարկել, անհամեմատ ավելի լուրջ են, շատ են, քան այն, որ նշեցիք: Այստեղ առաջնահերթություններով ենք շարժվելու», - նշեց նախարարը:
Դավիթ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը 2016թ. պետական բյուջեի որոշ հոդվածներով տնտեսում է ունեցել: Նրա խոսքով, տնտեսումները հիմնական մասը պայմանավորված է եղել գնումների գործընթացում ավելի էժան առաջարկված գներով:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ՔԿՀ-ներում ունենք պահման պայմանները բարելավելու խնդիր. Ս.Քրմոյան
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկի պայմանները անմխիթար էին. Դիտորդներ
- ՔԿՀ-ներում կան առողջապահական, բժշկական ծառայությունների հետ կապված խնդիրներ. Ա.Թաթոյան
- ՔԿՀ-ներում լավ են այն խցերի պայմանները, որոնք իրենց միջոցներով վերանորոգել են դատապարտյալները. Ուսումնասիրություն
- ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիրը դեռևս մասնակի է լուծվել. Քրմոյան
- ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման համակարգն ունի արդիականացման կարիք. փոխնախարար
- «ՔԿՀ-ներում կարևորագույն խնդիրներից է բուժծառայությունների որակը». Մեկնարեց նոր ծրագիր