Մուրացանի հոսպիտալի պետի փոփոխության պատճառը մտահոգություններն էին. Նախարար
«Այսօր բանակն ունի լավագույն ռազմաբժշկական ծառայությունը, ինչը հետևանք է հանրապետությունում ռազմական բժիշկների մասնագիտական բարձր որակի, հատկապես, եթե դա վերաբերում է վիրաբուժությանը, վերակենդանացման բաժանմունքի աշխատանքին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքերով, չնայած վերջին ամիսներին եղել են բազմաթիվ դեպքեր, որոնք զինվորների կյանքի համար սպառնալիք էին, բայց բժիշկների հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ փրկել զինծառայողների կյանքը, վերականգնել նրանց առողջությունը:
Միաժամանակ նախարարն ասաց, որ դեռ շատ անելիքներ կան, թեև բժիշկների մասնագիտական որակավորումը շատ բարձր է, այդուհանդերձ, ընդհանուր բժշկական ծառայության կազմակերպումը դեռ բազմաթիվ բացեր ունի՝ սկսած վարչարարությունից, վերջացրած գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ: Այս ուղղությամբ ևս ունեն ծրագրեր, որոնք առաջիկայում կփորձեն կյանքի կոչել:
Պաշտպանության նախարարը նաև հայտնեց, որ առողջապահության նախարարության հետ քննարկում են Վարդենիսի, Սիսիանի և Բերդի զինվորական հոսպիտալների և քաղաքացիական հիվանդանոցների միավորման հարցը:
«Հոսպիտալները շատ ավելի լավ են հագեցած, քան քաղաքացիական հիվանդանոցները, հաճախ քաղաքացիները բուժօգնության համար դիմում են հոսպիտալներ: Հոսպիտալները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն, բայց որպեսզի այդ ներուժը չպահենք զուտ պոտենցիալ հեռանկարի համար, ուստի նպատակահարմար է, որպեսզի քաղաքացիական բնակչությանը լիարժեք ծառայություն կարողանանք մատուցել: Դա է միավորման նպատակը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի փոփոխությանը՝ նախարարն ասաց, որ հոսպիտալի հետ կապված ունեցել է մի շարք մտահոգություններ՝ սկսած կենցաղային, սանիտարական որոշ պայմաններից, մինչև որոշակի կարգ ու կանոնի խնդիրներ:
«Կար որոշակի միտում, որը մեզ մտահոգում էր, մասնավորապես, բուժման արհեստական երկարացման, արձակուրդում գտնվող զինծառայողների վերջին օրը մասսայական հիվանդանալու և բազմաթիվ այլ երևույթներ, որոնք պատիվ չէին կարող բերել ռազմաբժշկական ծառայությանը»,- ընդգծեց նախարարը:
Ինչ վերաբերում է հոսպիտալի նորանշանակ պետին՝ Դանիել Մկրտչյանին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ նրան այդ պաշտոնում նշանակել է՝ հաշվի առնելով մի շարք ուսուամնասիրություններ:
«Ես ուսումնասիրել եմ բոլոր այն բժիշկ-սպաների թեկնածությունը, որոնք ունեն համապատասխան չափորոշիչներ, և կանգ եմ առել Սիսիանի հոսպիտալի պետի վրա, որի աշխատանքն ինձ տպավորել է հոսպիտալ կատարած այցելության ժամանակ: Սիսիանի հոսպիտալը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի Զինված ուժերին, ինչպես նաև ցանկացած քաղաքացիական բուժհաստատությանը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական եմ դիտում»
- Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ. Վիգեն Սարգսյան
- Կա ծրագիր բանակի ավտոպարկի թարմացման համար
- Մինչև տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը. Նախարար
- Զինվորական հոսպիտալի պետ է նշանակվել փոխգնդապետ Դանիել Մկրտչյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան