«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական եմ դիտում»
«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, առաջին պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և, երբեմն, վերլուծության դժվար ենթարկվող խնդրների համադրմամբ:
«Այդ առումով՝ լինի ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարում նոր ռիսկեր է ստեղծում, քանի որ դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ցանկացած պահի ով է կայացնելու որոշումներ»,-նշեց Վիգեն Սարգսյանը։
Նախարարը նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխգործակցության ծրագիր. «Դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է: Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրն իրականացվում: Դա հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք երկխոսության մեջ, շատ ավելի երկրարատև կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը»:
Ըստ պաշտպանության նախարարի՝ Հայաստանը ստանում է այն զենք-զինամթերքը, որը գնում են Ռուսաստանում. «Մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակում: Այն, ինչ գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով՝ Ռուսաստանի ներքին գներով և զենքի ձեռքբերման համար դա մեզ համար շատ կարևոր շուկա է»:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ եթե որևէ պաշտոնյա Հայաստանում երբևէ ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, ապա, ըստ նրա, նա անկեղծ չի լինի։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ. Վիգեն Սարգսյան
- Կա ծրագիր բանակի ավտոպարկի թարմացման համար
- Մինչև տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան