Արա Սաղաթելյան. ԱԺ-ին հատկացված միջոցների 74 տոկոսը կազմում են վճարված աշխատավարձերը
«2016 թվականին Ազգային Ժողովին պետական բյուջեից հինգ հիմնական ծրագրերի մասով հատկացվել է 4 մլրդ 787 մլն 473 հազար դրամ, փաստացի ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն 932 հազար դրամ: 22 մլն 500 դրամ վերադարձվել է պետական բյուջե»,-այսօր նման թվեր հրապարակեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ԱԺ եկամուտների և ծախսերի կատարողականը: Նրա խոսքով, կատարողականը կազմել է 99.7 տոկոս:
Ներկայացնելով հինգ հիմնական ծրագրերը, Սաղաթելյանը մանրամասնեց. «ԱԺ աշխատակազմի ու պատգամավորների պահպանման ծրագիրն է, որով ծախսվել է 4 մլրդ 489 մլն 983 հազար դրամ, որից 3 մլրդ 325 մլն դրամը կամ 74.1 տոկոսը կազմում են վճարված աշխատավարձերը: Կոմունալ ծառայությունների, գործողումների, ներկայացուցչական, տրանսպորտային ծախսերը կազմել են 1 մլրդ 164 մլն 1000 դրամ»:
Երկրորդ ծրագիրը միջազգային կառույցների անդամակցության վճարներն են, որը կազմում է 192.5 մլն է: 2016-ին իրականացվել է վարչական օբյեկտների հիմնանորոգման ծրագիր՝ արժեքը կազմել է 82 մլն դրամ: Պետական աշխատողների և ծառայողների սոցիալական փաթեթով ապահովելու ծրագրով ծախսվել է 41 մլն դրամ, ծրագիրն ունի 592 շահառու: ԱԺ աշխատակազմի վերապատրաստման ծրագրով ծախսվել է 240 հազար դրամ, վերապատրաստվել է 25 մասնագետ:
Անդրադառնալով կատարված աշխատանքներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց՝ վերանորոգվել է ԱԺ վարչական շենքը, փոխվել են պատուհանների մի մասը, տնտեսական մասնաշենքը, պոմպակայանն է թարմացվել, ավտոտնտեսության շենքում են կատարվել որոշակի աշխատանքներ, թարմացվել են ջրամատակարարման ու կոյուղատար համակարգի որոշ հատվածներ:
Միջազգային ներկայացվածության մասին Արա Սաղաթելյանը նշեց՝ ապահովել են ինը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին մասնակցությունը:
«Ազգային Ժողովը 2016-ին ունեցել է ֆինանսական որոշ խնդիրներ, որոնք լուծելու համար կատարվել են ներքին վերաբաշխումներ՝ ընդհանուր առմամբ, 181 մլն դրամի չափով»,-ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու բացատրեց, որ վերաբաշխումների արդյունքում տրվել են աշխատավարձեր, հավելավճարներ, իրականացվել են տրանսպորտային միջոցների սարքերի ընթացիկ վերանորոգում, կատարվել են ներկայացուցչական ծախսեր, Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի անդամավճարն է ավելացել, առաջացած պակասորդը ևս լրացվել է վերաբաշխման արդյունքում:
Արա Սաղաթելյանը ներկայացրեց նաև ոչ ֆինանսական ցուցանիշներ, որոնք վերաբերում են ԱԺ գործունեությանը: Այսպիսով, գումարվել է ԱԺ հերթական երկու նստաշրջան, չորս արտահերթ նստաշրջան և ութ արտահերթ նիստ, կազմակերպվել են 12 խորհրդարանական լսումներ: Ընդունվել է 287 օրենք, որից 19-ը նոր օրենքներ են, մյուսներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ընդունվել է 272 որոշում, վավերացվել է միջազգային 59 պայմանագիր:
Նախորդ տարում Հայաստան են ժամանել չորս երկրների՝ Էկվադորի, Սերբիայի, Սլովակիայի, Բելգիայի խորհրդարանի նախագահներ, հայաստանյան պատվիրակությունները մասնակցել են միջազգային խորհրդարանական կազմակերպությունների աշխատանքներին:
Արա Սաղաթելյանին ծախսերի վերաբերյալ պատգամավորները հարցեր չուղղեցին:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի աշխատակազմը 2016-ին տնտեսել և պետական բյուջե է վերադարձրել 439 միլիոն դրամ
- Ծախսերի կրճատմանը կարելի է վերագրել ավելի շատ բացասական ազդեցություն, քան դրական. Ա. Ջանջուղազյան
- Հիմա մենք 2016 թիվը փոխել չենք կարող. Ջանջուղազյան