Ալի Լարիջանին կոչ է արել արագացնել երկու երկրների միջև էլեկտրակայանի կառուցման մասին հուշագրի իրականացումը
«Իսրայելի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բացասական հետևանքներ կունենա»,-այս մասին ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Սեուլում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ:
Iran.ru-ի փոխանցմամբ, իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հարցերը պետք է կարգավորվեն առանց արտաքին միջամտության:
Լարիջանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, կոչ է արել արագացնել երկու երկրների միջև էլեկտրակայանի կառուցման մասին հուշագրի իրականացումը :
Նա կոչ է արել ստեղծել աշխատանքային խումբ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի տարածքով անցնող Արաքս գետի մաքրման մասին համաձայնագրի իրականացման նպատակով:
Ըստ աղբյուրի, իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գետի համաձայնգրի վերաբերյալ, նա նշել է, որ հայ-իրանական խորհրդարանական խմբի ստեղծումը էլ ավելի կսերտացնի երկրների միջև համագործակցությունը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ-ից հայտնել են, որ Սեուլում՝ Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպման շրջանակում Արա Բաբլոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Ժեն Փինի հետ:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև միջազգային տարբեր կառույցներում միմյանց դիրքորոշումները սատարելու անհրաժեշտությանն ու կարեւորությանը՝ ընդգծելով, որ աշխարհի քաղաքակիրթ երկրները պետք է միավորեն ջանքերը երկրագնդի տարբեր անկյուններում խաղաղության հաստատման ու պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման գործում:
Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան և ստացել իրենց երկրներ այցելելու հրավերներ:
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյան. Ադրբեջանի ագրեսիան ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
- Բաբլոյանն առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում
- Բաբլոյան. Ակնկալում եմ ղազախական կողմի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հարցի շուրջ
- Արա Բաբլոյան. Որոշ երկրների գործունեությունը պետք է լինի Եվրոպայի ուշադրության կենտրոնում