Մինչև տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը. Նախարար
Մինչև տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունիսի 23-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների գումարներով հաշմանդամության առաջին կարգ ունեցող զինվորները, զոհված ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն: Նախագծի նպատակն է բարելավվել ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով զոհված, մահացած ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները:
«Տարիներ շարունակ ունեցել ենք կուտակված հերթագրում, և այդ հերթում կան անգամ 1992-93 թթ-ին զոհված զինծառայողների ընտանիքներ և Երևանից, և մարզերից»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ յուրաքանչյուր տարի պաշտպանության նախարարությունը փորձում է նման խնդիրներին լուծում տալ:
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ այդ ծրագրերին փոքր-ինչ պակասում էր թափանցիկությունը, հասարակության իրազեկվածությունը, ինչպես նաև հերթի ընթացքին առցանց հետևելու հնարավորություն չկար:
«Հանրապետության նախագահը ապրիլին «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ հանձնարարական հնչեցրեց, որպեսզի երեք տարվա ընթացքում լուծվի այդ խնդիրը և լիարժեք ուսումնասիրելով հարցը, հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, որոշում կայացվեց ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներից որոշակի գումար տեղափոխել ՊՆ-ի հաշվին և ոչ թե երեք տարվա ընթացքում, այլ այս տարվա վերջին ամբողջությամբ լուծելու ենք զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին բնակարանով ապահովելու հարցը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ ծրագրի հաջող իրականացնելու դեպքում հաջորդ տարի արդեն կանդրադառնան 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրներին:
«Մենք որպես պետություն, որպես հասարակություն այդ հարցում պարտականություն ունենք, և դա պետք է կատարենք լիարժեք»,- նշեց պաշտպանության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին