Կիրականացվի լիզինգային ծրագիր՝ սննդամթերքի փոխադրման համար մատչելի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, տնտեսվարողների համար սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նոր հնարավորություն ստեղծելու նպատակով, բանակցություններ է վարել ֆինանսական երկու կառույցների՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և «ԱԳԲԱ լիզինգ» ՓԲԸ-ի հետ:
ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծրագիր, որը հնարավորություն կտա սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին համապատասխան մասնագիտացված փոխադրամիջոցներ ձեռքբերել առավել բարենպաստ և մատչելի պայմաններով՝ ամրագրված լիզինգային պայմանագրով:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն, սեպտեմբերի 1-ից սկսած՝ սննդամթերքի փոխադրումը պետք է աստիճանաբար իրականացվի սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով, որի համար Ծառայությունը տրամադրում է սանիտարական անձնագիր: Հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ունենալու պահանջը կգործի արդեն 2017թ. սեպտեմբերի 1-ից, իսկ մնացած տեսակների սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի առկայությունը պարտադիր է 2020 թվականի հուլիսի 1-ից:
Արդեն չորս կազմակերպություն՝ «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, «Գալոպեր» (Արմենիա-Լադա, Fiat) ՍՊԸ-ն, «Մեգնա» ՍՊԸ-ն (Renault) և «Ավանգարդ Մոթորս» (Mercedes-Benz) ՍՊԸ-ն, արձագանքել են ՍԱՊԾ նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնել մատակարարել մասնագիտացված համապատասխան փոխադրամիջոցներ՝ շուկայի պահանջարկը բավարարելու համար: Բանակցություններ են վարվում մինչև ժամանակացույցով նախատեսված ժամկետը՝ սեպտեմբերի 1-ը, մեքենաների ձեռքբերման համար հատուկ պայմաններ սահմանելու ուղղությամբ: Այս կերպ Ծառայությունը գործընկերների հետ մտադիր է խրախուսել սննդամթերք տեղափոխող մեքենաների համար սանիտարական անձնագրերն օր առաջ ստանալու գործընթացը:
Ծրագրի մեկնարկի ու ընթացակարգերի մասին ՍԱՊԾ-ն կհայտարարի լրացուցիչ:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով
- Հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր կգործեն