Հաճախ անհնար է լինում պարզել, թե ով է կանգնած կայքի հետևում. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԺԿ խմբի անունից ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում` «Անկախ մեդիայի և լրագրողների նկատմամբ քաղաքական ազդեցությունը» հարցի քննարկման ժամանակ։
ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը մասնավորապես նշել է. «Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին կատարված աշխատանքի համար:
Զեկույցում բարձրացված թեմաները՝ լրագրողների անվտանգության ապահովման երաշխիքներ, հանրային մեդիա ծառայությունների անկախության և գործունեության թափանցիկության ապահովման ընթացակարգերը, մեդիայի նկատմամբ անվստահության տարածման դեպքերի կանխումը և զեկույցում բարձրացված այլ հարցերը իրավամբ ունեն էական նշանակություն խոսքի ազատության պաշտպանության, մեդիա բազմազանության համար: Ես համաձայն եմ զեկուցողի հետ, որ մենք պետք է կատարելագործենք մեդիայի իրական սեփականտերերի թափանցիկության վերաբերյալ իրավակարգավորումները:
Այնուամենայնիվ, այսօր մեր բոլորի կողմից քննարկման առարկա դարձնելու համար ես ցանկանում եմ բարձրաձայնել մի քանի հարցեր: Գաղտնիք չէ, որ մեդիայի թափանցիկությունը այն հիմնաքարային գործիքն է, որ հնարավորություն է տալիս հանրությանը իրականացնել տեղեկատվության, մեդիայի կողմից բարձրացված գաղափաների և կարծիքների սեփական վերլուծություն: Սա քանիցս ընդգծվել է հանձնարարականներով և ԵԽԽվ որոշումներով: Սրանք վկայությունն են, որ մեդիայի թափանցիկության ապահովումը Եվրոպայի խորհրդում միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Սակայն կարծում եմ, որ մենք այս ոլորտում դեռ բավական անելիքներ ունենք. և կան խնդիրներ, որոնք ուշադրության և լուծման կարիք ունեն: Խոսքս հատկապես առցանց մեդիայի մասին է: Եթե տպագիր մամուլի և հեռուստառադիոընկերությունների դեպքում մեդիայի իրական սեփականատերերի և մեդիայի գործունեության թափանցիկությունը ապահովող տվյալների հրապարակման ընթացակարգերը հարաբերականորեն որոշակի են, օրինակ հեռուստառադիոընկերությունների համար ընդհուպ մինչև կոնվենցիոն կարգավորման հիմքեր, ապա կարծում եմ վիճակը այլ է առցանց մեդիայի պարագայում:
Զեկույցը արդարացիորեն անրդարադառնում է Access Info կազմակերպության կողմից կատարված հետազոտությանը: Ես ցանկանում եմ ընդգծել, որ 20 երկրներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ միայն 4 երկրներում կան օրենսդրական կարգավորումներ առցանց մեդիայի թափանցիկության վերաբերյալ, ընդ որում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած օրենսդրական կարգավորումների առկայությանը, այնուամենայնիվ առաջարկվող ընթացակարգերը գործուն չեն և չեն ապահովում առցանց մեդիայի իրական թափանցիկությունը: Սա նշանակում է, որ ինչքան էլ մենք ունենք առաջադիմական գաղափարներ, այնուամենայնիվ մենք չունենք որևէ կառուցակարգ դրանք կյանքի կոչելու համար:
Ընդհանրապես, երբ խոսքը գնում է մեդիայի իրական սեփականատերերի բացահայտմանը, ապա գոյություն ունի հասարակությանը տեղեկատվությունը հասանելի դարձնելու երեք միջոց.
1. Հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցներին բացահայտել սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը հանրային մարմնին, ինչպիսին է լրատվամիջոցների կարգավորող մարմինը:
2. Տեղեկատվության անմիջական բացահայտում. հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցների սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը բացահայտել անմիջապես հանրությանը:
3. Ընկերությունների մասին օրենք. ընդհանուր իրավական պահանջներ, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջել լրատվամիջոցների պատկանելության թափանցիկություն, ինչպես օրինակ կանոններ, որոնք պահանջում են ընկերության բաժնետերերի մասին տեղեկությունը բացահայտել, և տեղեկատվությունը ներկայացվում է գրանցամատյանում:
Սակայն պետք է նշել, որ այս միջոցներից որևէ մեկի ընտրությունը առցանց մեդիայի դեպքում բավական բարդանում է: Թե Հայաստանում և թե այլ երկրներում փորձը ցույց է տալիս, որ օնլայն մեդիայի դեպքում հաճախ անհնար է լինում պարզել, թե ով է կանգնած կայքի հետևում: Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք այս հարթակը՝ գտնելու այնպիսի հավասարակշռված մեխանիզմներ, որ յուրաքանչյուր համացանցային ընթերցող կարողանա հասկանալ, թե ով է լրահոսի հետևում, ով է այդ լրահոսի աղբյուրը, հակառակ դեպքում խոսք լինել չի կարող մեդիա բազմազանության մասին, և այն իրավունքները, որոնց ապահովման համար արդեն քանի տասնամյակներ ջանքեր են գործադրում Եվրոպայի խորհրդի անդամ երկրները և Եվրոպայի խորհուրդը կարող են միանգամից վերածվել միայն թվացյալ իրավունքների»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան