Գեղարքունիքի մարզպետը Կալավանում քննարկել է զբոսաշրջության զարգացման հետ կապված հարցեր
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել Ճամբարակի տարածաշրջանի Կալավան համայնքում։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից, բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը նշել է, որ «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի գործունեության արդյունքում բազմապատկվել են տարբեր երկրներից դեպի Կալավան զբոսաշրջային հոսքերը, ինչն անհրաժեշտություն է առաջացրել տեղում լուծելու վերջիններիս գիշերակացի հարցը։
Կարեն Բոթոյանը եղել է համայնքի մի շարք տներում, որոնց սեփականատերերը ստեղծել են զբոսաշրջիկներին գիշերակացով ապահովելու պայմաններ, եղավ նաև տներում, որտեղ չկան անհրաժեշտ պայմաններ, սակայն առկա է նման պայմաններ ստեղծելու սեփականատերերի ցանկությունը։ Սույն խնդրով մարզպետը բնակիչների հետ քննարկումներ է անցկացրել, որոնց արդյունքում նախանշվել են խնդրի լուծման համար հնարավոր նախնական տարբերակները։
Հանդիպման ավարտին Կարեն Բոթոյանը «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ եղել է այն վայրերում, ուր աշխարհի տարբեր վայրերից այցելում են արկածային տուրիզմի հարյուրավոր սիրահարներ։ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ կան բազմաթիվ գաղափարներ, որոնց մի մասն արդեն իսկ բերված են ծրագրային տեսքի, իսկ դրանց իրականացումը ամբողջ տարածաշրջանը գրավիչ և հարմարավետ կդարձնեն տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների համար։ Կարեն Բոթոյանն իր հերթին վստահեցրել է, որ պետությունը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել դրանց կյանքի կոչմանը և որ այս տարածաշրջանը, նաև զբոսաշրջության շնորհիվ կարող և պետք է զարգացման առաջանցիկ տեմպեր գրանցել։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են