Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհուրդը հավանություն է տվել Մատենադարանի կարգավիճակի փոփոխության գործընթացին
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստում հավանության է տրվել Մատենադարանի կարգավիճակի փոփոխության գործընթացին:
Մատենադարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նիստը վարել է Մատենադարանի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նիստի ընթացքում Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացրեց 2016 թվականին Մատենադարանի կատարած աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը, 2016 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը և 2017 թվականի համար նախատեսված բյուջեն։
Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Մատենադարանի կարգավիճակի նախատեսված փոփոխության առավելությունները և դրա հետ կապված իրավիճակը։ Նախարարը հայտնել է, որ երբ մշակվի մատենադարան հիմնադրամի կանոնադրությունը, այն կներկայացվի ինստիտուտի տնօրինությանը, և աշխատակիցները հնարավորություն կունենան քննարկելու կանոնադրության նախագիծը և ներկայացնելու իրենց դիտարկումներն ու մտահոգությունները։
Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհուրդը որոշել է նաև հավանություն տալ 2016 թ. կատարված աշխատանքների մասին հաշվետվությանը, հաստատել Մատենադարանի 2016 թ. տարեկան ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հավանություն տալ 2017 թ. բյուջեին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանն ասել էր, որ ընթանում է Մատենադարանի կարգավիճակը փոխելու գործընթացը, պետք է դառնա հիմնադրամ, այսինքն դուրս է գալու կրթության և գիտության նախարարության ենթակայության տակից, ենթարկվելու է անմիջապես հիմնադրին, այսինքն՝ կառավարությանը:
«Դա կառավարման նոր ձև է, որն ավելի ճկուն է, ավելի շատ հնարավորություններ է ընձեռում հաստատություններին ինքնուրույն լինելու, իրենց միջոցները տնօրինելու: Դա չի նշանակում, որ ազգային արժեքները կարող են դառնալ հիմնարկի սեփականությունը, քանի որ դրանք պատկանում են պետությանը: Զուտ ներքին կառավարման մեխանիզմներն ավելի ինքնուրույն են դառնում: Այդ առումով դրական եմ համարում կառավարման նոր ձևը, քանի որ ՊՈԱԿ-ները շատ ավելի ենթակայության տակ էին, շատ հարցերում սահմանափակ իրավունքներ ունեին»,- ասել էր նա:
Հարակից հրապարակումներ`
- Մատենադարանի կարգավիճակը փոխվելու է
- Մատենադարանի կառավարման խորհուրդը դեռևս չի համալրվել
- Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթ դեռևս չի հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան