Կառավարության կազմը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նախագահի այցը կառավարություն պայմանավորված է Ազգային ժողովում գործադիրի ծրագրի հաստատմամբ:
Սերժ Սարգսյանը շնորհավորեց կառավարության անդամներին պաշտոններում վերանշանակվելու առթիվ։
«Շնորհավորում եմ բոլորին պաշտոններում նշանակվելու, ավելի ճիշտ կլինի ասել, հիմնականում՝ վերանշանակվելու առթիվ։ Կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսած ծրագրերը հաջողությամբ ավարտելու համար», -ելույթում ասաց ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը նշեց, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով ՀՀԿ-ն ավարտեց 2017 թվականի ընտրական շրջանը. «Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում»:
Սերժ Սարգսյանի խոսքերով՝ անցած ընտրություններում ՀՀԿ-ն ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար:
«Մեր ստացած մանդատը բավարար էր միայն ՀՀԿ-ի ուժերով կառավարություն ձևավորելու համար, սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը ՀՅԴ մեր գորընկերների հետ: Միասին ձևավորել ենք մի կառավարություն, որը վստահ եմ՝ ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ընդգծեց հանրապետության ղեկավարը:
Ըստ Նախագահի՝ այժմ շարունակելու են միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը. «Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում, այնպես էլ օրենսդիրում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ես որպես ՀՀ նախագահ և ՀՀԿ ղեկավար, ինչպես նաև դուք բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում, մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, ՏԻՄ-երում և անգամ նշված կառույցներից դուրս»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ նման համագործակցության համար իրենց միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Նա նաև ասաց, որ քննադատությունն իր նշած նորմերի խախտում չեն համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան