Սննդագետ. Ամռանը պետք է ուտել ոչ թե խոզի, այլ ձկան ու բանջարեղենի խորոված
Ինչպե՞ս սնվել ամռանը, երբ ջերմաստիճանը մոտենում է +40-ի: Ճիշտ սնվելու կարևորության մասին Panorama.am-ը զրուցել է Պարենային իրավունքի փորձագետ, Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ:
Հարց-Ամռանը սնունդը պե՞տք է տարբերվի ձմռանն օգտագործվող սննդից:
Պատասխան-Միանշանակ: Եթե դրսում օդի ջերմաստիճանը բարձր է մարդու օրգանիզմի ջերմաստիճանից, դանդաղում է նյութափոխանակությունը, հետևապես մեր ամբողջ սննդակարգը պետք է ուղղված լինի առաջին հերթին՝ մեր օրգանիզմի զովացմանը: Երկրորդ հերթին՝ հաշվի առնելով, որ օրվա ընթացքում մենք քրտնում ենք և դրա հետ մեկտեղ մեծ քանակությամբ հեղուկներ ենք կորցնում, մեր սննդակարգը պետք է ուղղված լինի օրգանիզմի հիդրատացմանը, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի:
Շատ կարևոր հանգամանք, որ ուզում եմ շեշտել, քրտինքի միջոցով օրգանիզմից դուրս են գալիս ոչ միայն ջուրը, այլև հանքային էլեմենտները: Հետևաբար մեր սննդակարգը պետք է կարողանա նաև սրտի և ընհանրապես մեր օրգանիզմի կենսագործունեության համար ապահովել հանքային էլեմենտներ: Ամռան ամիսներին խորհուրդ է տրվում հեղուկների մի մասն օգտագործել մրգահյութերի տեսքով: Մրգահյութ ասելով նկատի ունեմ, ոչ թե քաղցրացված կոմպոտները և շաքար պարունակող մթերքները, որոնք մեզ մոտ ընդունված են, այլ թարմ քամած հյութերը: Իհարկե, կարելի է օգտագործել թարմ պատրաստված կոմպոտներ, բայց պետք է սահմանափակել շաքարի պարունակությունը: Կարելի է շաքարի փոխարեն մեղր օգտագործել: Պետք է նախապատվությունը տալ ավելի թթվաշ մրգերից պատրաստված թարմ հյութերին:
Ամառը հիանալի շրջան է օրգանիզմը թաղանթանյութերով, հակաօքսիդանտների մեծ քանակությամբ ապահովելու համար: Հիմա սկսվել է թարմ պտուղ-բանջարեղենի շրջանը՝ թարմ լոլիկ, տաքդեղ, սմբուկ: Շատ կարևոր է օրգանիզմը պատշաճ վիտամիններով ապահովելը: Այս առումով ամռանը շատ հարմար է խուսափել բարձր յուղայնությամբ մթերքների կիրառումից, ինչպես նաև սահմանափակել հացի օգտագործումը: Սա իր հերթին օրգանիզմի վրա կունենա դրական ազդեցություն նիհարելու առումով, ամռան ամիսներին ճիշտ սնուցում կազմակերպելու դեպքում կարելի է ազատվել ավելորդ քաշից՝ մինչև 3-4 կգ-ով:
Հարց- Հայաստանցիները պիկնիկի գնալիս իրենց հետ տանում են խոզի միս, օղի, գազավորված ըմպելիքներ, նրբերշիկ…
Պատասխան- Ամռան ամիսներին ընդհանրապես ալկոհոլային խմիչնքների օգտագործումը պետք է սահմանափակվի: Պետք է հաշվի առնել, որ օրգանիզմում թունավորում առաջանում է հենց ալկոհոլի օգտագործման հետևանքով: Արդեն ասեցի՝ խորհուրդ չեն տրվում նաև յուղոտ մթերքները:Ինչ վերաբերում է խորովածին, այստեղ շատ կարևոր է , թե ինչից ենք այն պատրաստում: Մենք՝ հայերս ավելի շատ սիրում ենք խոզի մսից պատրաստված խորոված, բայց ամռան ամիսներին խորհուրդ կտամ խորոված պատրաստել ձկնամթերքից, էլ չեմ ասում, որ շատ համեղ է ստացվում բանջարեղենի խորովածը՝ կանաչիներով ու սոխով համեմված: Այն օրգանիզմը հովացնում է ու միաժամանակ ապահովում հանքային նյութեր, մեծ քանակությամբ ջուր, լուծվող թաղանթանյութ և հակաօքսիդանտների մեծ քանակություն:
Պիկնիկների ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել ձու, հաշվի առնելով որ նախապես պատրաստած բուտերբրոդները երկար ճանապարհ են անցնելու: Այս եղանակային պայմաններում ձվից ու այլ փչացող մթերքներից պետք է խուսափել: Բուտերբրոդների համար կարելի է վերցնել առանձին փաթեթներում աղի պանիր, հաց և լոկիկ, վարունգ: Տեղում պետք է լվանալ բանջարեղենը, կտրատել հացն ու պատրաստել թարմ բուտերբրոդներ, որպեսզի հնարավորինս քիչ օրգանիզմը ենթարկենք մանրէների գրոհի:
Հարց- Օրգանիզմը հովացնել հնարավո՞ր է տաք ապուրներով:
Պատասխան- Օրգանիզմի զովացում ասելով պետք է հասկանալ ոչ թե սննդամթերքի ջերմաստիճանը, այլ նրա ազդեցությունն օրգանիզմի վրա: Օրինակ, անկախ այն բանից թե ինչ ջերմաստիճանի գարեջուր, գազավորված ըմպելիք ենք օգտագործում, կարող ենք նույնիսկ սառույցի կտորներ ավելացնել գազավորված ըմպելիքում, միևնույն է, այն օրգանիզմը չի հովացնում: Հակառակը՝ տաքացնում է, որովհետև շաքար է պարունակում: Դրան հակառակ, շատ երկրներում շոգ եղանակին թեյ խմելու սովորույթ կա: Խոտաբույսերով առանց շաքարի թեյը չի համարվում օրգանիզմը տաքացնող, այլ հակառակը այն միզամուղ է ու հովացնող ազդեցություն է ունենում:
Նույնը վերաբերում է սուպերին: Զարգացած երկրներում ամառային ամիսներին գոյություն ունեն հենց սուպային դիետաներ: Դրանք կարողանում են օրգանիզմի համար ապահովել ցածր կալորիականությամբ դիետաներ՝ միաժամանակ սնուցելով օրգանիզմը, քանի որ այն պարունակում է բավականաչափ հեղուկ, որում առկա են հանքային նյութեր, բուսային բաղադրիչներ: Ամառային ամիսներին հատկապես այն մարդիկ, ովքեր պլանավորում են ծով գնալ, կարող են ապահովել շատ լավ դիետա, քանի որ մեկ ափսեում մենք ունենում ենք բանջերեղներ, սպիտակուցներ, ածխաջրածիններ: Օրգանիզմը սնուցելով փոքր չափաբաժիներով, 1300- 1500 կալորիայի շրջանակում կարելի սնվել ցածր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքով, որը միաժամանակ կսնուցի օրգանիզմը և ցածր կալորիաների արդյունքում կնպաստի, որպեսզի ունենանք ավելորդ քաշի կորուստ:
Հարց-Ամռանն ինչքանո՞վ է ճիշտ օգտվել արագ սննդի կետերից, որոնք չունեն սանիտարական համապատասխան պայմաններ:
Պատասխան- Պետք է հիշել մի շատ կարևոր հանգամանք: +32 աստիճանից բարձր ջերմաստիճանը գերազանց պայման է միկրոօրգանիզմների զարգացման ու աճի համար: Նման ջերմաստիճանի ու խոնավության պայմաններում պետք է միայն սննդային միջավայր: Կամայական սննդամթերք՝ լինի թարմ միս, թե անգամ վերամշակված, հիանալի միջավայր է միկրոօրգանիզմի համար: Պետք է խուսափել արագ սննդի այն կետերից, որտեղ չի պահպանվում սննդի վերամշակման պատշաճ հիգիենան, չկա ջերմաստիճանի վերահսկողություն, չկա հոսող տաք ջուր ձեռքերն ու սննդի պարագաները լվանալու համար:
Փափուկ, լցնովի պաղպաղակները ևս հիանալի պայմաններ են ստեղծում միկրոօրգանիզմների համար, անկախ նրանից որ սառն են: Պետք է հիշենք, որ պաղպաղակն այնպիսի մթերք է, որը ջերմային վերամշակման չի ենթարկվում, իսկ միկրոօրգանիզմները հայտնվում են մեր օրգանիզմում: Աղեստամոքսային տրակտի խանգարումների մեծ մասը հենց պաղպաղակով է պայմանավորված:
Հարակից հրապարակումներ`
- Մասնագետների խորհուրդները՝ ինչպես դիմակայել ամռան շոգին
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Դավիթ Պիպոյան. Հայաստանը լուրջ խնդիրներ ունի պարենային իրավունքի ոլորտում
- Դանդաղ նյութափոխանակության մեղավորը դուք եք. Սննդաբանը խորհուրդներ է տալիս
- Ինչպե՞ս սնվել ամռան շոգին. Խորհուրդ է տալիս սննդաբանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին