Գյումրիում և Վանաձորում ևս կներդրվեն երկրատեղեկատվական համակարգեր
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը երկրատեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ հանձնարարական տվեց:
Նրա խոսքերով՝ 2016 թվականին կառավարության կողմից նախաձեռնվեց տնտեսության տարբեր ոլորտներում ճյուղային երկրատեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրեր: Ըստ նրա՝ Երևան քաղաքում արդեն իսկ ներդրվել է այդ համակարգը, օգոստոս ամսից այն հասանելի կլինի Գյումրի քաղաքում, տարեվերջին՝ Վանաձորում:
«Ելնելով մեր կողմից որդեգրած թվային օրակարգի հրամայականից, միաժամանակ նշված համակարգերի ինտեգրման և դրա միջոցով տնտեսական արդյունավետության խթանման հնարավորություններից՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-շաբաթյա ժամկետում ուսումնասիրել և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացնել առկա թվային քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն, երկրատեղեկատվական համակարգի բնագավառում իրականացված աշխատանքների նկարագիր՝ դրանք կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալին ինտեգրելու նպատակով»,- նշեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին ապահովել առաջին կետով սահանված տեղակատվության տեղական ինքնակառավարման մարմիններից հավաքագրումը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացնել իրենց տնօրինման տակ գտնվող և/կամ շահագործման հանձնված գծային ենթակառուցվածքների հանութագրման նյութերը, իսկ դրանց բացակայության դեպքում` ներկայացնել հանութագրման աշխատանքների կազմակերպման հստակ ժամանակացույց:
Վարչապետը հանձնարարեց նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին 1-ին և 2-րդ կետերով ներկայացված տվյալները ստանալուն պես 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ համապատասխան նյութերը կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալ ներբեռնելու վերաբերյալ:
«Շատ կարևոր է, որ օգտատերերը ներկայացնեն այդ համակարգի բարելավման վերաբերյալ առաջարկություններ: Այսօր Երևան քաղաքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ենթակառուցվածքների միանալու դեպքում, կարող է այդ համակարգից օգտվել և հասկանալ, թե տվյալ հասցեի մոտակայքում՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր, ինտերնետ և այլ ծառայություններ ստանալու ինչ հնարավորություններ կան»,- նշեց վարչապետը և հավելեց, որ դա կնպաստի, որ գործարար աշխարհը, մեր քաղաքացիները տեղեկանան, թե ինչպիսի պոտենցիալ հնարավորություննեևր կան:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ համակարգի ներդրումը չի բերելու վարչարարության և ռիսկերի ավելացմանը: «Չափազանց կարևոր գործընթաց ենք սկսել և շատ հետևողական շարժվելու ենք առաջ՝ գույքագրելու և ունենալու ենք մի համակարգ, որը հասնելի է լինելու մեր քաղաքացուն և գործարարին»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշեց նաև, որ առաջարկվել է համայնքների ղեկավարներին միանալ այս համակագին՝ ներկայացնելով իրենց իրավասության տակ գտնվող տեղեկատվությունը, մասնավորապես, համայքնի գլխավոր հատակագիծը և այլ գրաֆիկական նյութեր, ինչը հնարավորություն կտա գործարարին տեղեկանալ իրեն հետաքրքրող հատվածում առկա ենթակառուցվածքների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան