Արայիկ Խանդոյանին ծեծել է մոտ 15 մարդ՝ հերթով. Արայիկ Պապիկյան
«Դատարանի շենքի նկուղում Արայիկ Խանդոյանը, իսկապես, բռնության է ենթարկվել, խոշտանգվել է ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով»,- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հրավիրած ասուլիսում ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբաններից Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով, Խանդոյանին ծեծել է մոտ 15 մարդ, քանի որ խուցը փոքր է եղել, հերթով են մտել ծեծելու:
«Պատճառն այն է, որ երբ Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին ծեծելով բերել են, ինքը բարձրաձայնել է՝ ինչ եք անում»,-տեղեկացրեց փաստաբանը:
Ա. Պապիկյանն ասաց, որ Ա. Խանդոյանն առնվազն ունի ուղեղի ցնցում, վիճակը վատ է. «Շատ հարվածներ ստացել է գլխի, երիկամների շրջանում, ոտքերին»:
Փաստաբանը նշեց, որ Ա. Խանդոյանին երեկ ՔԿՀ երկու անգամ բժիշկ է այցելել, ճնշումն են չափել. մի դեպքում բարձր է եղել, մի դեպքում ցածր. «Նա մասնագիտական բուժօգնության կարիք ունի. Դիմում եմ հանձնել ՔԿՀ-ի պետի գրասենյակ»:
Նա նշեց, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը ծեծվել են, խոշտանգվել, բռնության են ենթարկվել դատարանի տարածքում:
«Դա այն տարածքն է, որը գտնվում է դատավորի իրավասության սահմաններում: Այդ անձիք դատարան են տարվել դատավորի պահանջով: Դատավորը պարտավոր էր ապահովել նրանց անվտանգությունը: Այլևս այդ դատավորը չի կարող, պետք է համարձակություն ունենա ինքնաբացարկ հայտնել, քանի որ չի ապահովել այդ մարդկանց անվտանգությունը, աչք է փակել անազատություն մեջ գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու վրա»,- ասաց Ա. Պապիկյանը:
Նա նշեց, որ որևէ մարմնի գրավոր հաղորդում չեն ներկայացել, չեն որոշել՝ կհայտնեն, թե ոչ: Փաստաբանի խոսքով, քանի որ օրենքը նախատեսում է նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ԶԼՄ-ների միջոցով, նա ընթերցեց իր և փաստաբան Արա Ղարագյոզյանի հաղորդումը հանցագործության մասին՝ պահանջելով գլխավոր դատախազից և հատուկ քննչական ծառայությունից անհապաղ սկսել քննություն և ապահովել դրա կատարյալ թափանցիկություն:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի նկուղային հարկում ծեծի է ենթարկվել Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- Փաստաբան Լուսինե Սահակյանը ՄԻՊ-ի աշխատակիցներին տեղեկացրել է ոստիկանի՝ իրեն հարվածելու մասին
- Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ոստիկանության պետին
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- Գործողությունները չեն բխում Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից. «Սասնա ծռերի» գործով դատական նիստից
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան