Օրգանական գյուղատնտեսությունը բարձր շահութաբերություն է ապահովում գյուղացիների համար. փոխնախարար
«Օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն ընդհանուր գյուղատնտեսության զարգացմանը, այլև կարևորվում է բնապահպանական և առողջապահական տեսանկյունից: Բացի այդ, ավելի բարձր շահութաբերություն է ապահովում գյուղացիական տնտեսությունների համար», - այս մասին նշել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր Աշտարակ քաղաքում «Ագրոլոգ» ՓԲԸ-ի օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:
ԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ վերջերս մշակվել են ազգային ստանդարտներ, որոնցով հիմնականում կանոնակարգվում են ներքին սպառման համար օրգանական մթերքի արտադրման հիմնական ուղենիշները: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պետական օժանդակության գործիքների մշակման ուղղությամբ, որոնք միտված կլինեն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին աջակցելուն:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: Նրա խոսքով` Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար Եվրամիությունը ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 25 մլն եվրո:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև հայկական օրգանական արտադրանքի բացօթյա ցուցահանդես-վաճառք, որի հիմնական նպատակն է նպաստել մարզում էկոտուրիզմի զարգացմանը և հարակից համայնքների տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի անմշակ հողատարածքներում կարելի է զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ. Շտեֆան Դրեեսման
- Փոքր ֆերմերները՝ օրգանական գյուղատնտեսության հիմնասյուն
- Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները. Զեյներ
- Փոխնախարար. Օրգանական գյուղատնտեսության զարգացման հիմնական խնդիրը իրազեկվածության ցածր մակարդակն է