Ավետիք Վարդանյան. Մրցավարական հանձնաժողովի նախագահը ներողություն խնդրեց սխալների համար
«Եթե չլինեին մրցավարական կոպիտ սխալները, մեդալների քանակն ավելի շատ կլիներ»,- ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփել է Եվրոպայի երիտասարդական առաջնության արդյունքները:
Մեր թիմը հայրենիք է վերադարձել մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալով:
«Գոհ եմ տղաների մրցելույթներից: Հիմնականում բոլորն էլ լավ են հանդես եկել` իրենց ուժերի չափով: Նրանցից մի քանիսը նոր են տեղափոխվել երիտասարդական թիմ»,-ասել է նա:
Ըստ նրա, առաջնության ընթացքում մրցավարական ակնհայտ սխալներ եղան մեր ըմբիշների նկատմամբ: Այդ պատճառով Գևորգ Մխեյանն (66 կգ) ու Արամ Ավագյանը (74 կգ) զրկվել են մեդալ նվաճելու հնարավորությունից:
«Մխեյանի գոտեմարտից հետո ինձ մոտեցավ մրցավարական հանձնաժողովի նախագահը եւ ներողություն խնդրեց: Նա ինձ ասաց, որ մրցավարական սխալներ լինում են: Այս դեպքում գորգի ղեկավարը ճիշտ որոշում չէր կայացրել և, որ նրան պատժել են:
Բայց այդ ներողությունն էական չէ, քանի որ մեր ըմբիշները զրկվել են մրցանակային տեղից: Բայց տղաները չեն հուսահատվել: Ես նրանց ասել եմ` յուրաքանչյուր պարտություն նոր հաղթանակի սկիզբն է: Նրանք դեռ երիտասարդ են ու էլ ավելի ուժեղ են հանդես գալու հետագայում»,- եզրափակել է Ավետիք Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ և երկու բրոնզ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
- Ազատ ոճի հայ ըմբիշները` UWW-ի վարկանիշային աղյուսակում