Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
Փաստաբանին կարող են զննել, բայց ոչ խուզարկել: Փաստաբանների պալատում լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Խնդիրն այն է, որ փաստաբանին չի կարելի խուզարկել: Դա փաստ է: Փաստաբանին կարող են զննել: Ինչո՞ւ կարող են զննել, որովհետև դա նախատեսված է օրենքով. Դատական օրենսգրքի 214 հոդվածն (Դատական կարգադրիչի իրավունքները և պարտականությունները իր գործառույթների կատարման ընթացքում ) այսպիսի հնարավորություն տալիս է»,- ասաց նա:
Այնուհետև նա ներկայացրեց, թե որն է խուզարկության ու զննության տարբերությունը. «Սահմանագիծը պետք է որոշենք, երբ է զննությունը դառնում խուզարկություն: Զննությունն այն գործողությունն է, երբ զննողը միայն տեսանելի օբյեկտներն է դիտարկում, այսինքն, ինչը նա տեսնում է առանց միջամտության, ոչ թե պայուսակը բացում է, որ տեսնի: Եթե ձեռքը տարավ պայուսակի մեջ, ապա դա արդեն կդառնա խուզարկություն, այսինքն նա միջամտեց, հեշտացրեց, որպեսզի օբյեկտը զննվի: Բայց եթե, օրինակ, դատական կարգադրիչը ասի՝ խնդրում եմ պայուսակը բացեք, որ տեսնեմ, քանի որ ազդանշան է եղել, եթե փաստաբանը բացեց պայուսակը, դա զննության մեջ է դեռ, եթե չբացեց պայուսակը, կարգադրիչը իրավունք չունի ինքը բացելու և նայելու, այդ դեպքում կհամարվի խուզարկություն, իսկ դա արգելված է փաստաբանների դեպքում»:
Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ կա կարևոր առանձնահատկություն՝ փաստաբանների զննությունը չլինի խտրական վերաբերմունքի հետևանք:
«Դատական կարգադրիչը կարող է զննել փաստաբանին, եթե խտրական չի վերաբերվում: Այդ դեպքում պետք է զննի նաև դատախազին: Մենք ասում ենք, որ փաստաբաններս չպետք է խտրական վերաբերմունքի արժանանանք, ավելին՝ փաստաբանին չնվաստացնել, այսինքն՝ դիտավորյալ հասարակության աչքի առջև փաստաբանին չասեն՝ պայուսակդ բացի, դրամապանակդ հանի, բանալիներդ հանի: Սա որոշակի առումով մասնագիտական արժանապատվությունն է խոցում: Մենք ասում ենք, որ դա չպետք է լինի, հակառակ դեպքում զննությունը կդառնա փաստաբանին ճնշելու գործիք»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե կա՞ օրենքով սահմանված ցանկ, թե փաստաբանն ինչ չի կարող իր հետ մտցնել դատական նիստերի դահլիճ, Արա Զոհրաբյանն ասաց. «Իմ տեղեկությամբ օրենքով սահմանված չէ իրերի որևէ ցանկ, որը որ պետք է նիստերի դահլիճ տանեն կամ չտանեն: Ենթադրում եմ, որ այս անվտանգության միջոցառումների նպատակը քրեական օրենքով արգելված իրերի մասին է, օրինակ՝ զենք, զինամթերք»:
Հարակից հրապարակումներ`
- «Պարոն Հայրապետյան, համեցեք նիստերի դահլիճ հատուկ պարոն Զոհրաբյանի ներկայության կապակցությամբ»
- Փաստաբաններին խուզարկելն անթույլատրելի է. ՄԻՊ
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Դատարանում քաղաքական գործընթացներ երբեք չեն կարող իրականացվել. Կարեն Փոլադյան
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- Դատարանի վարչական շենք մտնելիս փաստաբանը չի կարող խուզարկվել. Փաստաբանների պալատ