Գերմանիայի ԱԳ նախարարը ճիշտ է համարել Էրդողանի ելույթների արգելքը
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը աջակցել է Էրդողանին միջոցառում կազմակերպելու իրավունք չտված դաշնային կառավարության որոշմանը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, թուրքական ընդդիմադիր «T24» կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մայզիերեն «միանշանակ ճիշտ» է համարել Էրդողանին գերմանաբնակ թուրքերի հետ հանդիպման հնարավորություն չտալու վճիռը: «Գերմանիայում առաջիկայում մեկնարկելիք նախընտրական պայքարից առաջ դրսից միջամտելու փորձերն անընդունելի են»,- ասել է Մայզիերեն:
Նախարարը նշել է, որ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է և կշարունակի այդպիսին մնալ, սակայն այդ երկրի հետ հարաբերությունները, վերջին շրջանում այնքան էլ հեշտ չեն:
Նա կոչ է արել կարգավորել երկու երկրների միջև ծագած լարվածությունը՝ պնդելով, որ Էրդողանի ու իր համակիրների՝ Գերմանիայում կազմակերպվելիք հնարավոր հանդիպումները այդ առումով որևէ օգուտ չեն կարող տալ:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թեմայի վերաբերյալ գերմանացի պաշտոնյաների հայտարարությունները որակել էր որպես «սադրիչ» և «նենգ»:
«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների հարցում ամեն առիթով Թուրքիային դասեր տվողները, ահաբեկչական խմբավորումներին, հեղափոխականներին ու օրինախախտներին թիկունք կանգնողները, ջանալով խոչընդոտել մեր նախագահի և մեր քաղաքացիների հանդիպմանը, ի ցույց են դնում Եվրոպայում կիրառվող երկակի ստանդարտները», - ասել էր Քալընը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին պատրաստվում է մասնակցել 250 հոգանոց պատվիրակությամբ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանը հուլիսի 7-8 -ին Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի առթիվ կմեկնի Գերմանիա: Այդ ընթացքում նա մտադիր էր նաև հանդիպում կազմակերպել տեղի թուրք համայնքի ներկայացուցիչների հետ: Բայց Գերմանիայի կառավարությունը մերժել էր նման միջոցառման թույլտվություն տրամադրել:Արտգործնախարար Սիգմուր Գաբրիելը հայտարարել էր, որ երկու երկրների միջև առկա լարվածության պատճառով «նպատակահարմար» չէ Գերմանիայում նման միջոցառում կազմակերպելը: Կանցլեր Անգելա Մերկելը ևս աջակցել էր ԱԳՆ-ի այս դիրքորոշմանը:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան չի ցանկանում, որ Էրդողանն իր տարածքում միջոցառում անցկացնի
- Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել
- Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում
- Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան