Սիրիահայերը հնդկաձավարը որպես ուտելիք չեն ընդունում. Սփյուռքի նախարար
Սփյուռքի նախարարությունը չի զբաղվում բեռների հավաքագրմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով սիրիահայերի դժգոհություններին՝ կապված իրենց ուղարկված ուտելիքի, հագուստի հետ:
«Մենք չէ, որ այդ բեռները հավաքագրում, գնում, փաթեթավորում և ուղարկում ենք, բայց ես հաստատ տեղյակ եմ, որ դա սնունդ է, ծխախոտ, Հայաստանում կարված հագուստ: Բնականաբար, մենք բրենդային հագուստներ չենք գնում։ Ես տեղյակ եմ, որ մեր հայրենակիցները հնդկաձավարը՝ «գրեչկան», չեն ուտում, նրանք հնդկաձավարը որպես ուտելիք չեն ընդունում, ինչը երբեմն նման խնդիրներ է առաջացնում»,- նշեց նախարարը:
Հրանուշ Հակոբյանի խոսքերով՝ օգնությունը Սփյուռքի նախարարությունը չի ուղարկում, այն ուղարկվում է հասարակական կազմակերպությունների միջոցով: Նախարարը նաև ասաց, որ ինքն անձամբ տեղյակ չէ, թե ուղարկված փաթեթներում ինչ մթերք է:
Սփյուռքի նախարարը նշեց նաև, որ աշխատում են «Շտապօգնության» հետ Սիրիայում, որոնց ղեկավարները միշտ էլ գոհ են եղել, ավելին` տրվող օգնությունից օգտվում են նաև արաբները:
«Չեն կարող մեկին օգնություն տալ, մյուսին՝ ոչ: Ծանր օրերին չենք կարող առանձնացնել և միայն հայերին բաժանել։ Սա շատ կարևոր է, ի վերջո, իրար կողքի են ապրում, ասում են չէ՞՝ ծանր օրերին պետք է միասին կիսենք հացը: Օրինակ, մենք ուղարկեցինք ցորեն, որից հաց, լավաշ թխեցին և բոլորին բաժանեցին: Այդ շաբաթը կոչվեց հայկական լավաշի շաբաթ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին