Ես նախընտրում եմ աղոթել եկեղեցում, քան 10 զոհ տալ ու հետո տուն գնալ.Րաֆֆի Հովհաննիսյան
Ես ունեմ շատ մեղքեր, այնքան շատ, որ մի ասուլիսը չի հերիքի թվարկելու՝ շատ եմ ուտում, շատ եմ խմում և շատ եմ ժպտում: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսօր լրանում է տիկին Արմենուհու և իր ամուսնության 32-ամյակը:
Նրա խոսքով, մարդիկ հաճախ մոտենում են իրեն և ասում՝ ինչու 27 տարի առաջ Հայաստան եկար՝ թողած իրավաբանի կարիերան և ծովի վրա ունեցած վիլլան:
«Ինձ Հայաստան բերեց սերը: Արմենուհին սխալ հաշվարկ կատարեց՝ մտածելով, որ ամուսնանալով ամերիկահայ իրավաբանի հետ՝ կապրի խաղաղօվկիանոսյան հանգիստ կյանքով: Սակայն նա էլ եկավ Հայաստան և հայտնի է՝ այսօր ինչ գործունեություն է այստեղ ծավալում»,- ասաց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ իր հարաբերություններին, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց՝ նա հրաշալի մարդ է՝ անմնացորդ հայրենասիրությամբ և նվիրումով:
«Շատ կուզենայի, որ մենք նրա հետ առանձին հանդիպեինք և խոսեինք: Այդպես եղել է միշտ: Ես նախընտրում եմ աղոթել եկեղեցում, իմ տանը, Ծիծեռնակաբերդում, քան տասը զոհ տալ ու հետո տուն գնալ: Մարտի 1-ի զոհերի ընտանիքներից մեկն արդեն իսկ արտագաղթել է Հայաստանից: Մինչ օրս երեք նախագահներից ոչ մեկը չի հարցաքննվել այս ողբերգական դեպքերի առնչությամբ: Ոչ էլ ես, որ այդ օրը գտնվում էի Պետերբուրգում և Հայաստան վերադարձա մարտի 2-ին: Ես խնդիր չունեմ այսօր կամ ընդհանրապես որևէ մեկի մոտ միավոր ստանալ: Դա իմ տեսակն է»,- նշեց «Ժառանգության» առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին տեղեկացրեց, որ օրեր առաջ պատահաբար հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրան ասել , որ ինքն ավելի լավ ընկեր է Արամ Սարգսյանին, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ ասի, թե Հոկտեմբերի 27-ից հետո Արամն ինչ արեց: Այդ ժամանակ, երբ նայեցի, շուրջս Արամը չկար, կար իմ ընտանիքը»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան