Դոշին խփելով հարցեր չեն լուծում. Նալբանդյանը՝ դիվանագիտության աշխատանքի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն արդյունավետ է համարում Հայաստանի դեսպանների աշխատանքը:
Այսօր Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում, պատասխանելով հայ դիվանագետների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ դեսպանություններն արդյունավետ են աշխատում, իսկ եթե լինում են թերացումներ, ապա ԱԳՆ-ն դիմում է երկրի բարձրագույն ղեկավարությանը և համապատասխան որոշումներ են կայացվում:
Որպես հայ դիվանագետների արդյունավետ աշխատանքի օրինակ Էդվարդ Նալբանդյանը նշեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումների արդյունքները։
«Կարծում եք՝ օդի՞ց է եղել: Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված որոշումները համահունչ էին այն ամենին, ինչ մինչև դրանց սկսվելն ասում էր ՀՀ նախագահը»,- նշեց ԱԳ նախարարը՝ հիշեցնելով, որ ասում էին՝ ԼՂՀ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքած անժամկետ հրադադարի համաձայնագրերը պետք է անխտիր իրականացվեն, նույնը ասացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները:
«Եռանախագահող երկրները ի՞նչ ասացին՝ ոչ միայն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ասում էին՝ հասցեական չէին հայտարարությունները, բա ո՞ւմ էին ուղղված, մենք էինք ասում, ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունը, որ պետք է անժամկետ հրադադարի համաձայնագրերը անխտիր կատարվեն. Դա Հայաստանն է ասում, Ղարաբաղն է ասում և եռանախագահները: Երբ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ասվեց, որ պետք է հետաքննության մեխանիզմ ստեղծվի շփման գծում, դա այն էր, ինչ Հայաստանն է ասում: Դա ասվեց նաև եռանախագահողների կողմից և ոչ միայն՝ ԵԱՀԿ-ի, այլև ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից: Բա դա օդի՞ց է լինում, դա համապատասխան աշխատանքի արդյունք է»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Խոսելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին՝ նախարարն ասաց, որ Ադրբեջանը պատասխանատուն է այդ խախտումներում՝ միջազգային հանրության հանդեպ:
Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ դիվանագիտական աշխատանքն այն աշխատանքն է, որի մասին այդքան չեն գոռգոռում, գլխավորը կոնկրետ արդյունքներն են, և դոշին խփելով որևէ արդյունքի չեն հասնում. «Մենք պետք է հանգիստ, հավասարակշռված ձևով աշխատենք այնպես, որ մեր գործողությունները ըմբռնելի լինեն միջազգային հանրության կողմից»:
Նախարարը հիշեցրեց, որ ԼՂՀ հարցի կարգավորման մասին եռանախագահող երկրների կողմից կա 5 հայտարարություն, սակայն Ադրբեջանը համանախագահների հինգ հայտարարությունն անտեսում է ոչ միայն նախագահների, այլ նախարարների մակարդակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան