Բասկետբոլի Մ 18 տարեկանների ՀՀ հավաքականները ԵԱ-ի առաջին հանդիպումը կանցկացնեն Կիպրոսի հետ
Բասկետբոլի Հայաստանի Մ 18 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները պատրաստվում են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Տղաները հուլիսի 4-ից 9-ը հանդես կգան Կիպրոսում, իսկ աղջիկները նույն օրերին կմրցեն Մալթայում: Մեր երկու թիմերի առաջին մրցակիցը Կիպրոսի հավաքականներն են: Հայտնում են ՀԱՕԿ-ից:
«Մենք պետք է անենք առավելագույնը, ինչին ընդունակ ենք։ Մեզ համար դժվարությունն այն է, որ խաղացողները տարբեր երկրներից են և միասին մարզվելու շատ քիչ ժամանակ ունեինք՝ մոտ տասը օր։ Կա դպրոցների տարբերություն։ Բայց, 4-5-րդ օրը հաղթահարեցինք այդ բարդությունները։ Մեր թիմի հիմնական խնդիրն այն է, որ բարձահասակ բասկետբոլիստներ քիչ ունենք։ Սակայն այնպիսի մարտավարություն ենք մշակել, որ օգտագործենք բոլոր խաղացողներին»,-ասել է մինչև 18 տարեկան տղաների հավաքականի ավագ մարզիչԵղիշ Դավթյանը:
«Ներկայումս թիմը բարձունքի վրա է: Բնականաբար, ցանկացած մարզիկ տրամադրված է հաղթելու, այլ դեպքում նա թիմում գործ չունի: Թիմի կորիզը նախորդ տարվանից է, բայց նաեւ չորս համալրում ունենք: Շարունակում ենք նույն ձեռագրով»,-ասել է Մ 18 տարեկան աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը:
Նրա խոսքով, տեխնիկական որոշ խնդիրներ կան: Հիմնական երեք խաղացողներ դեռ վիզա չեն ստացել:
Թիմերը մրցավայր կժամանեն հուլիսի 3-ին: