Կարկուտը վնաս է հասցրել Սյունիքի 21 գյուղերի
Սյունիքի մարզում հունիսի 29-ին ժամը 16.20-ից 17.00-ն տեղի ունեցած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով նախնական տվյալներով վնաս է հասցվել մարզի 21 բնակավայրերի (Սիսիան, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Բալաք, Բռնակոթ, Գետաթաղ, Դարբաս, Լոր, Նորավան, Շաղաթ, Շաքի, Որոտան, Վաղատին, Տոլորս, Ույծ, Մուծք, Աշոտավան, Աղվանի, Տանձատափ, Լծեն): Այս մասին ասված է Սյունիքի մարզպետարանի պաշտոնական էջում:
Համաձայն համայնքներից և ԱԻՆ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված հաղորդումների, զգալի տուժել են գյուղատնտեսական ցանքատարածությունները (հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներ, այգիներ, խոտհարք), վնաս է հասցվել համայնքային ենթակառուցվածքներին, ջրով ողողվել են անհատական բնակելի և հասարակական շինությունների նկուղային հարկերը:
Տեղի ունեցած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասը գնահատելու համար, արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման համայնքային հանձնաժողովները հունիսի 29-ից սկսել են աշխատանքները:
Մարզային հանձնաժողովի անդամները իրավիճակը գնահատելու նպատակով տեղերում կատարում են դիտարկումներ:
Հասցված վնասի վերաբերյալ համայնքային հանձնաժողովներից արձանագրությունները ստանալուց հետո մարզային հանձնաժողովը կամփոփի դրանք և կներկայացնի հանրապետական հանձնաժողովին:
Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից մեթոդական և խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերվում համայնքների ղեկավարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին