Ստրասբուրգում մեկնարկում է Հելմուտ Կոլի հրաժեշտի միջոցառումը. Ուղիղ միացում
Այսօր Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում, տեղի կունենա Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի հիշատակին նվիրված միջոցառում, ով մահացավ հունիսի 16-ին։ Կոլը հետմահու կպարգևատրվի Եվրոպայի ստեղծման գործում իր ներդրման համար։
Միջոցառմանը ներկա են լինելու աշխարհի բազմաթիվ ներկա ու նախկին պաշտոնյաներ, որոնց թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Իսպանիայի նախկին վարչապետ Ֆելիպե Գոնզալեսը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Ներկաները հանդես կգան ելույթներով։
Ստրասբուրգ է բերվելու Հելմուտ Կոլի աճյունը, որտեղից այն կտեղափոխվի Գերմանիայի Շպայեր քաղաքի տաճար, որտեղ էլ կհուղարկավորվի: Շպայերի ընտրությունը պատահական չէ, քանի որ հենց այստեղ են թաղված Հռոմեական Կայսրության 8 կայսրերն ու Գերմանիայի թագավորները։
Հելմուտ Կոլը համարվում է միասնական Եվրոպայի ճարտարապետը։ Նա եղել է Գերմանիայի կանցլերը 1982-ից 1998թթ․-ներին ու առաջնորդել երկիրը Սովետական Միության փլուզման ու Գերմանիայի վերամիավորման շրջանում։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ միասին Կոլը առանցքային դեր է ունեցել 1992թ․-ին Մաաստրիխտի պայմանագրի կնքման գործում, որը ստեղծեց եվրոն ու Եվրոպական համայնքները վերակազմավորեց Եվրոպական միության։