Երևանի մետրոպոլիտենում «Պայթյուն-վարժանք»-ին հետևել է Դավիթ Տոնոյանը
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում նախօրեին անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով ուսումնավարժությունը, որը կազմակերպել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ուսումնավարժանքի ընթացքին անձամբ հետևում էր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից բացի, ուսումնավարժանքին մասնակցել են նաև մետրոպոլիտենի կազմավորումները, մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության 10 աշխատակից և 90 նմանակող, ՀՀ ոստիկանության կենտրոն բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախմբեր, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից՝ 2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր:
Սցենարի համաձայն՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով հրդեհ էր բռնկվել շարժակարգի վագոններից մեկում: Արդյունքում կար 4 տուժած:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ԱԻ արձագանքման խմբերը, ՓԾ մոնիթորինգի և հոգեբանական աջակցության բաժինները, ՀՆՓԱԻԿ խումբը, ՀՀ ոստիկանության, «Շտապ բուժօգնության» «Երևան Ջուր», «Երևանգազ» ԳԳՄ-ի և «Էլ.ցանց» վթարային խմբերը և բրիգադները:
Ըստ սցենարի երկրորդ փուլի՝ պայթյուն տեղի է ունեցել շարժակազմում։
Աղբյուրը հայտնում է, որ վարժանքը նպատակ ուներ կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև՝ կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները։
Հարակից հրապարակումներ`
- Ուսումնավարժություն մետրոպոլիտենում
- ԱԻՆ. Երևանի մետրոպոլիտենում իրականացվելու է վարժանք, հնարավոր է փրկարարական ուժերի կուտակում