Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայում քրդական պետություն ստեղծվի. Մուշեղ Խուդավերդյան
Վերջին մեկ ամսվա ընթացքում ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ Մերձավոր արևելքում թուրքական իշխանությունների և քրդական ուժերի միջև բավական ուժգին բախումներ են սկսվել: Գրեթե ամեն օր երկու կողմերից լինում են մեծ թվով զոհեր և վիրավորներ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Նրա խոսքով, թուրքական կողմը սկսել է մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ կուտակել թուրք-սիրիական սահմանին: Թուրքական հրետանին ամեն օր հրետակոծում է քրդական Աֆրիմ բնակավայրը: Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չնայած իրենք ամեն օր զոհեր են տալիս, այդուհանդերձ թույլ չեն տալու՝ Սիրիայում քրդական պետություն ստեղծվի:
«Վիճակը բավական թեժ է Թուրքիայի հարավում՝ Դիարբեքիրում և Բիթլիզում, ուր ամեն օր զինված բախումներ են տեղի ունենում թուրքական զորքերի և քրդական բանվորական կուսակցության զինյալների միջև: Բացի այդ՝ Թուրքիայում աճել են լրագրողների հանդեպ ճնշումները: Վերջին երկու տարում Թուրքիան սահմանափակ համացանց ունեցող երկրից վերածվել է անազատ համացանց ունեցող երկրի՝ հավասարվելով Իրանին ու Չինաստանին: Թուրքիայում ներկայումս անազատության մեջ է պահվում շուրջ 160 լրագրող: Նրանք պահվում են անասելի դաժան պայմաններում և միանգամայն մեկուսացված են: Տեղ չեն հասնում անգամ նրանց հասցեագրված նամակները»,- տեղեկացրեց Մուշեղ Խուդավերդյանը:
Թուրքագետի հաղորդմամբ, հարևան երկրում միաժամանակ շարունակվում է գյուլենականների որսը: Վերջին ամիսներին փակվել է գյուլենականների 4 հազարից ավելի հաստատություն և կազմակերպություն:
Այս ամենի ֆոնին, ըստ բանախոսի, բավական սրված են նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Հատկապես անհարթ են թուրք-գերմանական հարաբերությունները:
«Մեծ քսանյակի համաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիա ժամանած Էրդողանին արգելել են հանդիպել տեղի թուրքական շրջանակների հետ»,- ամփոփեց Մուշեղ Խուդավերդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան