Արցախի ժողովրդավարական կուսակցությունն Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրել է Բակո Սահակյանի թեկնածությունը
Ստեփանակերտում այսօր՝ հուլիսի 1-ին, տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը, որը լիազորել է Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը: «Արցախպրես»-ը մանրամասնում է, որ օրակարգային վերջին հարցով ելույթ է ունեցել ԱԺԿ Ստեփանակերտի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Սվետլանա Դավթյանը, ով համագումարին առաջարկություն է ներկայացրել լիազորել «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը:
«Ինձ համար դա մեծ պատիվ է և հպարտություն, որովհետև ես ձեզ երաշխավորում եմ մի մարդու, ով եղել է իմ աշակերտը և ով նախորդ տասը տարիներին իր գործով ու անցած ճանապարհով արդարացրել է Արցախի հայության առաջնորդը լինելու համաժողովրդական վստահությունը»,- նշել է Սվետլանա Դավթյանը:
Համագումարը միաձայն ընդունել է առաջարկը, ինչպես նաեւ կուսակցության առաջիկա անելիքների մասին որոշումը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Արցախում հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին:
«Մինչև 2020 թվականը՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի Ազգային ժողովը: 2020թ.-ից հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ, ինչպես որ կարգն է»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Արցախի Հանրապետությունը սահմանադրական փոփոխություններով կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարվել նախագահական համակարգի։
Սահմանադրության անցումային դրույթներով Արցախի գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ, ինչպես նաև մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 30, ոչ ուշ, քան 40 օր հետո ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին