Սևան. Լողաշրջանի մեկնարկը տրված է
Սևանի հանրային 11 լողափերն այսօր պաշտոնապես բացված հայտարարվեցին. Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին պատրաստ է դիմավորելու հայաստանցիներին ու օտարերկրացի զբոսաշրջիկներին։ Այսօր լողաշրջանի բացման մեկնարկը տրվեց տոնական երգ ու պարով։
Անցած տարվա լողաշրջանի ընթացքում հանրային լողափերից օգտվել է 160-180 հազար մարդ: Հանրային 11 լողափերից 8-ը կառավարության համապատասխան որոշումներով հատկացված տարածքներ են, իսկ 3-ն առանձնացրել է Սևան ազգային պարկը։
Հանրային լողափներից 3-ը հանրային ծառայություններ մատուցող են, իսկ 8-ը նախատեսված է զուտ կարճատև հանգստի համար: Ծառայությունների մատուցման լողափերն ունեն բուժսպասարկման անվճար ծառայություններ, մանկական և սպորտային խաղահրապարակներ, հանգստի գոտիներ, տապչանների տրամադրում և այլն: Վճարել պետք է միայն սննդի համար:
Լողաշրջանի բացման կապակցությամբ Սևանում գտնվող Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախ շնորհավորեց սեզոնի բացման առթիվ, ապա ակտիվ հանգիստ մաղթեց՝ խնդրելով ուշադիր լինել անվտանգության կանոններին, պատկան պատկան մարմինները ևս զգոն են լինելու։
Նախարարն ասաց՝ հանրային լողափերը այսչափ կարևորվում են, որովհետև բնության բարիքը պետք է հասանելի ու անվճար լինի։
Բացման արարողությանը ներկա Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ֆրեդերիկ Ռայնբոլդը շեշտեց, որ Սևանը ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունի, այլ համաշխարհային մասշտաբով քաղցրահամ ջրի խոշոր պաշար է, ուստի լճի էկոհամակարգի պահպանումը ևս պետք է լինի բոլորի ուշադրության կենտրոնում։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ասաց, որ հանրային լողափերի ավելացումն իրենց օրակարգի հարցերից է:
Նախորդ տարիներին «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում գործող հանրային լողափերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լողափերն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ: Անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս մեկ հանրային լողափ։
Այսօր արդեն Սևանա լճի հարակից տարածքներում շրջայցի շրջանակներում եղավ նոր կառուցվող հանրային լողափի պայմաններին ծանոթացում, ջրածածկ և մաքրման ենթակա հատվածների դիտում, ստորագրվեց հուշագիր` «Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության հետ։
Եվս 1 հանրային լողափ կառուցելու համար 2015թ-ին ՀՀ կառավարության կողմից «Սևան» ԱՊ-ի ռեկրեացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողատարածք:
Այս լողափի նախագծային հաշվարկներն արդեն պատրաստ են, պատրաստ է նաև նախկինում քաղաքաշինության նախարարություն դրական եզրակացությունը։ Առաջին փուլում մոտ 100 մլն դրամի գումար է ծախսվելու։ Այս լողափը, հավանաբար, վերջնական տեսքի կգա հաջորդ տարի:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նոր կառուցվող հանրային լողափին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրեց լողափի նախագիծը ու ասաց, որ այս պահին զբաղված են անհրաժեշտ գումարներ ձեռք բերելու հարցով:
Սևան ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի խոսքով, 9 մլն դրամը տրամադրելու է համայնքը, 3 մլն-ն արդեն տրամադրել է Ազգային պարկը, որը պատրաստվում է ևս 7մլն դրամի ներդրում կատարել, մնացածն էլ կստանան բոլոր չարգելված ֆոնդերից։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճի հանրային լողափերում 2016թ. հանգստացել է 160-180 հազար մարդ
- Հանրային լողափերում հանգստի շրջանն այսօրվանից մեկնարկում է
- Սևանի հանրային լողափում խեղդվող քաղաքացի է նկատվել
- Հանրային լողափերի ավելացումը կբերի նրան, որ մասնավորները վերանայեն իրենց քաղաքականությունը. Ավալյան
- Սևանի հանրային լողափերը ավելանում են
- Սևանի հանրային լողափերը նախապատրաստվել են հանգստի շրջանի բացմանը
- Սևանա լճի հանրային լողափերն առաջիկայում ավելանալու են
- Սևանի հանրային լողափերում կան երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին