Ալերգիկներն ամռանը պետք է խուսափեն բնության գրկում ժամանակ անցկացնելուց.մասնագետ
Ամառային ալերգիան սեզոնային բնույթ է կրում, դրա հիմնական պատճառը ծաղկափոշին է: Այն, շնչուղիներով ընկնելով մեր օրգանիզմ, ստեղծում է գերզգայուն վիճակ՝ դրսևորվելով հարբուխանման նշաններով, փռշտոցով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ալերգոլոգ Զարուհի Կալիկյանը՝ միաժամանակ ալերգիկներին խորհուրդ տալով հնարավորինս հազվադեպ մեկնել քաղաքից դուրս՝ բնության գրկում ժամանակ անցկացնելու:
Նրա խոսքով, ամառային ալերգիայի հարցում որոշակի նշանակություն ունի նաև արևը. «Ալերգիկ երևույթներ երբեմն առաջացնում են նաև որոշ մրգեր՝ կեռասը, ծիրանը, թութը: Ալերգիան խրոնիկ վիճակ է, որը մարդուն ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում: Կան որոշ տեսակներ, որոնք տրվում են բուժման, սակայն լինում են նաև դեպքեր, երբ գործ ունենք սուր ալերգիկ ռեակցիաների հետ»:
Զարուհի Կալիկյանի խոսքով, ալերգոլոգի առաջնահերթ խնդիրն է ապահովել մարդու կյանքի որակը՝ թեթևացնելով ախտանշանները: Ինքնաբուժումը չի խրախուսվում, ալերգիկ ֆոնի ի հայտ գալուն պես պետք է անպայման դիմել մասնագետի, այլապես որոշ դեպքերում ալերգիան կարող է վերաճել ընդհուպ բրոնխիալ ասթմայի և անաֆիլակտիկ շոկի:
Մասնագետը նշեց՝ ալերգիա ունենալն ամենևին չի նշանակում, որ մարդը թույլ իմունիտետ ունի: Պարզապես ալերգիկների իմունիտետը գերզգայուն է:
Հարակից հրապարակումներ`
- Մասնագետ. Ծառերի ուշ ծաղկելով պայմանավորված մարտին նվազել է ալերգիայով դիմողների թիվը
- Մասնագետը՝ սեզոնային ալերգիաների բուժման մասին