Բանակ են մեկնում առաջին նորակոչիկները. «Սաղ չյոտկի ա»
«Տրամադրություններս շատ բարձր ա, սաղ չյոտկի ա»,-Զինվորական հավաքակայան մեկնած լրագրողներին վստահեցնում են տղաները:
Այս պահին ամառային զորակոչի առաջին մեկնողները վիճակահանություն են կատարում: Տարայից դուրս եկած թղթի վրայի գրությամբ է որոշվելու՝ որտեղ են երկու տարի զինվորական ծառայություն անցնելու երիտասարդները:
Տղաների բարձր տրամադրության մասին խոսքերից ուրախանում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը. «Լսեցի՞ք»:
Առաջին մեկնողների հետ խոսելու, նրանց խորհուրդներ, հարցեր ու նաև խոստումներ տալու համար հավաքակայան եկած Մովսես Հակոբյանը բավարարված է. «Շատ ոգևորիչ է, որ բոլորը տրամադրված գնում են հայրենիքին ծառայելու: Ինչ տրամադրությամբ գնում են ծառայելու, նույն տրամադրությամբ կվերդառնան իրենց ծնողների մոտ»:
Հակոբյանը տղաներին հիշեցնում է՝ պարտավորված են, պետք է արժանի լինեն իրենց ավագ սերնդին, կարողանան պահել, պահպանել և բազմապատկել ավագ սերնդի ստեղծածը:
«Նրանց ծնողների մեծ մասը կերտել է մեր անկախությունը, կարծում եմ, նրանք պատասխանատվության զգացումով են գնում, չեն կարող ավելի պակաս լինել ավագ սերնդից, պետք է ապացուցեն, որ արժանի են ավագ սերնդին: Համարձակ և ուժեղ լինել, ուժեղ հոգեպես, ֆիզիկապես և գիտելիքի առումով»,-նորակոչիկներին հորդորում է Հակոբյանը:
Փորձառու զինվորականը դեռ անփորձներին բացատրում է. «Ուժեղը նա է, ով տիրապետում է զենքին, մարտի դաշտում կարող է լավ խուսավարել: Դրանով է ձեր ոգին բարձր, դրանով եք ուժեղանում: Խոսելով, բառերով երբեք ոգի չի ձևավորվում: Առաջին ականի պայթյունի ժամանակ կամ առաջին փամփուշտը, որ ձեր ականջի տակով վզզում է, խոսքերը միանգամից լռում են, գործում է բազկի ուժը, արհեստավարժ կրակելը և մարտի դաշտում խուսավարելը»:
Չի թաքցնում, զինվորներին խոստում է տվել՝ զինվորի կողքին է լինելու, իր գործունեությամբ աջակցելու է, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց պարտականությունները:
Գլխավոր շտաբի պետը նորակոչիկներից հետաքրքրվում է նրանց ֆիզիկական պատրաստվածության մասին: Պարզվում է՝ նրանցից մեկը ծանրամարտով է զբաղվել:
«Հենա որ թուրքը մտնի խրամատը, վերցնում ես ու շպրտում»,-կատակում է Հակոբյանը:
Տղաներից մեկը պատանի երկրապահ է եղել: Արագ նկատում ու թվարկում է զինվորական նոր կոշիկի առավելությունները՝ թեթև է, կաշի է, ավելի հարմար է:
Հորդորներից բացի, Մովսես Հակոբյանը նաև իր ցանկություններն է հայտնում, ակնկալում, որ առաջիկայում դրանք իրականություն կդառնան:
«Առաջին հերթին ցանկանում եմ, որ բոլորը զորակոչվեն բանակ, տարկետումը վերանա: Նախազորակոչային տարիքի երիտասարդների առողջության վրա ուշադրություն դարձվի, որովհետև զորակոչվում են բավականին մեծ թվով զինծառայողներ, որոնք ունեն որոշակի հիվանդություններ, իսկ մի մասին ընդհանրապես տարկետում է տրվում՝ երկարատև բուժման համար, հետագայում նրանցից որոշները պիտանի չլինելով ծառայությանը, զորացրվում են»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ առաջիկայում այդ խնդիրների ուղղությամբ միջոցառումների ականատես կլինենք:
«Մենք որոշակի վերլուծություն ենք կատարում նորակոչիկի ծնված օրվանից, որտեղ է դպրոց գնացել, որտեղ է բուժվել, որտեղ է անձնագիր ստացել… Այս ողջ գործընթացը վերահսկվելու է»:
Հարակից հրապարակումներ`
- ԶՈՒ ԳՇ պետ. Միանշանակ է, որ զինված ուժերը ենթակա են բարեփոխումների
- Մովսես Հակոբյան. Շփման գծում որևէ լարվածություն չկա
- Այսօր մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը