Հայաստանում կա 41 հազար 738 մարզիկ, որից 5136-ը՝ ֆուտբոլիստ
Ըստ սպորտային կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2016թ. հանրապետությունում գործել է 174 սպորտային կազմակերպություն:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Երևան քաղաքում գործող սպորտային կազմակերպություններից 11-ը գտնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, 2-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության, 36-ը`Երևանի քաղաքապետարանի, 3-ը` վարչական շրջանների, 6-ը`«Հայաս- տան» մարզական միության և 2-ը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության ենթակայության տակ:
2016 թվականին Հայաստանում մարզիչ-մանկավարժների թիվը կազմել է 1 976-ը, նրանցից 299-ը` կանայք: Քաղաքներում մարզիչ-մանկավարժների թիվը կազմել է 1 844-ը, գյուղերում` 132-ը, որից 6-ը կանայք են:
Ըստ օլիմպիական մարզաձևերի՝ նախորդ տարի հանրապետությունում խմբերի քանակը կազմել է 3034: Ամենաշատ խմբեր ունեցող մարզաձևը հունահռոմեական ըմբշամարտն է, որն ունի 352 խումբ, ազատ ոճի ըմբշամարտը՝ 314, ֆուտբոլը` 292, բռնցքամարտը` 288, ծանրամարտը` 235, ձյուդոն` 255, աթլետիկան` 189, բասկետբոլը` 179:
Ոչ օլիմպիական մարզաձևերում խմբերի թիվը կազմել է 766-ը, որի 456-ը շախմատի խմբերն են, 175-ը՝ սամբոյի:
Ինչ վերաբերում է մարզիկներին, ապա նախորդ տարի հանրապետությունում մարզիկների թիվն ընդհանուր առմամբ կազմել է 41 հազար 738-ը, որոնցից 33 հազար 785-ը օլիմպիական մարզաձևերում ընդգրկված մարզիկներն են:
Նշենք, որ առավել մեծ թիվ են կազմում ֆուտբոլիստները՝ 5136: