«Ոչ մի մոր աչքերում արցունք չպիտի լինի, մենք վերադառնալու ենք». Նորակոչիկները մեկնում են ծառայության
Չարենցավանցի Հայկ Դաշյանն այսօր մեկնում է ծառայության: Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանող Հայկը բարձր տրամադրությամբ սպասում է վիճակահանությանը: Ասաց, որ ուզում է Արցախում ծառայել՝ Եղնիկներում կամ Մատաղիսում:
«Չգիտեմ ինչու, բայց կուզեմ, որ սահմանում ծառայությունս անցի»,- զինվորական հավաքակայանում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայկն ու ավելացրեց. «Տրամադրված եմ մարտական, բարձր տրամադրությամբ մեկնում եմ ծառայության: Երեք քույր ունեմ, ծնողներիս միակ տղան եմ ու պատավոր եմ լավ ծառայել»:
Հայկի խոսքերով՝ ապրիլյան պատերազմից հետո մեր բանակը պետք է ավելի ուժեղ լինի. «Մենք պետք է մեր դիքերը ամուր պահենք, իսկ մեր ընտանիքներն էլ պետք է ապահով, հանգիստ ապրեն»:
Նորակոչիկներին էլ մաղթում է անփորձանք ծառայություն. «Մենք դուխով կծառայենք ու կվերադառնանք մեր ընտանիքներին, լավ է լինելու, ոչ մի մոր աչքերում արցունք չպիտի լինի, մենք վերադառնալու ենք»:
Տիգրան Լուլուկյանը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքից է: Նա նույնպես անհամբեր սպասում է իր վիճակահանության հերթին, ուզում է մեկ անգամ էլ տեսնել ծնողներին ու ասել, որ չմտածեն, ամեն ինչ լավ է լինելու: Մտովի դեռ մոր հետ է, ասում է, որ շատ էր հուզվել:
«Ծնողներս հուզված էին, մտքով նրանց հետ եմ: Ծառայությանը շատ լավ եմ տրամադրված, թեև այսօր ծնողներիս ոչինչ չխոստացա, բայց հիմա ասում եմ՝ լավ կծառայեմ ու կվերադառնամ տուն: Կարևորը՝ իմ հայրենիքի սահմաններն ամուր լինեն, պատվով պարտքս կատարեմ ու վերադառնամ»,- ասաց Տիգրանը:
Նա նույնպես ցանկություն ունի ծառայության մեկնել Արցախ:
«Ինչքան հեռու, այնքան լավ, մերոնք էլ շատ չեն գա»,- ժպտալով ավելացրեց նորակոչիկը:
Նշենք, որ մեկնարկել է 2017 թվականի ամառային զորակոչը։ Զորակոչիկներին զինվորական հավաքակայանում տրամադրվել է զինվորական հագուստ, որից հետո նրանք վիճակահանության միջոցով իմանում են, թե որտեղ են ծառայելու: Նրանց ծնողներն էլ դիմացի դահլիճում տեղադրված մոնիտորների միջոցով են հետևում վիճակահանության ընթացքին:
Զորակոչի ընթացքին հետևելու էր եկել նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս տարիների ընթացքում ձեռքբերված դրականը պահպանվել է, բացի այդ, կատարել են որոշակի նորամուծություններ:
«Նպատակն այն է, որպեսզի լինի բացարձակ արդար, բոլորի համար տեսանելի, և որևէ մեկի մոտ կասկածամտություն չառաջանա, որ իր հանդեպ վերաբերմունքը եղել է առանձնահատուկ։ Որոշակի փոփոխություն է կատարվել համազգեստի մեջ, մասնավորապես, փոխվել են կոշիկները, դրանց որակը մի քիչ բարձրացվել է, հիմա դրանք ամբողջապես կաշվից են, ինչպես նաև ունեն ներբաններ», - ասաց Մովսես Հակոբյանը։
Նորամուծություններից մեկն էլ, ըստ Մովսես Հակոբյանի, այն է, որ նորակոչիկներն իրենց հետ կենտրոնական հավաքակայան չեն կարող այլևս սնունդ բերել:
«Հավաքակայանի մուտքից ներս մտնելուց հետո բոլոր ուտելիքները հետ են վերադարձվում ծնողներին: Նրանք կարող են սնվել այստեղ՝ հավաքակայանի ճաշարանում. ով սոված է կարող է հաց ուտել: Նորակոչիկներին հարցրեցինք՝ բոլորը գոհ էին սննդից»,- ասաց նա:
Մովսես Հակոբյանի խոսքերով՝ նորակոչիկների հետ զրուցել է և խոստացել, որ ցանկացած հարցում իրենց աջակից է լինելու. «Խորհուրդ տվեցի լինել պատրաստակամ, ծառայել հայրենիքին և խոստացա, որ ես իրենց կողքին եմ լինելու, իմ գործունեությամբ ամեն ինչում աջակցելու եմ, որպեսզի իրենց ծառայությունը կատարեն»:
Հարակից հրապարակումներ`
- Բանակ են մեկնում առաջին նորակոչիկները. «Սաղ չյոտկի ա»
- ԶՈՒ ԳՇ պետ. Միանշանակ է, որ զինված ուժերը ենթակա են բարեփոխումների
- Մովսես Հակոբյան. Շփման գծում որևէ լարվածություն չկա
- Այսօր մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը