Նիկողայոս Նիկողոսյանի կողմից Երևանի Ռուսական արվեստի թանգարանին նվիրաբերվել է երկու կտավ
Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու) հուլիսի 6-ին տեղի կունենա ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Գեղարվեստի Ակադեմիայի ակադեմիկոս, ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանի կողմից թանգարանին նվիրաբերված երկու կտավների բացում-շնորհանդեսը:
Թանգարանից Panorama.am-ին տեղեկացնում են, որ միջոցառումը կուղեկցվի համառոտ դասախոսությամբ մեծ վարպետի ստեղծագործության, ռուսական արվեստի հետ նրա կապերի, ինչպես նաև թանգարանի հիմնադիր, մեծանուն բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հետ նրա առնչությունների մասին: Կներկայացվեն հազվագյուտ արխիվային լուսանկարներ, վավերագրական ֆիլմ և այլ հետաքրքրիր նյութեր: Բացմանը ներկա կգտնվի Մոսկվայից ժամանած նկարչի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, ով իր ձեռամբ թանգարանին մատուցել է մեծ վարպետի նվերը:
Նիկողայոս Նիկողոսյանին և թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանին մերձեցնում էր ջերմ ընկերությունը, որի ընթացքում արվեստագետը ստեղծել է բժիշկի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի, մի շարք դիմանկարներ և քանդակ: Արամ Աբրահամյանին և Մարիա Աբրահամյանին պատկերող այդ դիմանկերներից երկուսը այսուհետ կզարդարեն Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն:
Այս կտավները բարձր վարպետությամբ և գեղարվեստական առանձնահատկություններով միանգամայն համահունչ են Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուին:
Ռուս մեծ վարպետների՝ սիմվոլիստ քանդակագործ Ա. Մատվեևի և մոդեռնիստ գեղանկարիչ Ա. Օսմյորկինի մոտ ուսանած Նիկողայոս Նիկողոսյանի արվեստը ներառել է «մոդեռնի» դարաշրջանի ռուսական արվեստի լավագույն ավանդույթները: Սոցիալիստական հեղափոխության հասակակից արվեստագետը խորհրդային տարիներին կարողացել է պահպանել ազատ ստեղծագործական ինքնարտահայտումը: Լայն հասարակությանը նա առավելապես հայտնի է որպես գիտության, մշակույթի և պատմական ճանաչված գործիչների բազմաթիվ հաստոցային դիմաքանդակների և Երևանում ու Մոսկվայում կանգնեցված մոնումենտալ մի շարք հուշարձանների հեղինակ: Իսկ արվեստագետի հարուստ գեղանկարչական ժառանգությունն ամբողջությամբ կարելի է տեսնել միայն իր սեփական՝ «Նիկո», արվեստանոց-ցուցասրահում, Մոսկվայում:
Դեռևս 2012 թ. Նիկողայոս Նիկողոսյանը Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրեց բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայի մարմարյա կիսանդրին: Այս երկու նվիրատվությունները հնարավոր է դարձել արվեստաբան, Ռուսական արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Լիլիթ Սարգսյանի սերտ համագործակցության արդյունքում Նիկողոսյանների ընտանիքի հետ: