«Համոզվա՞ծ եք, որ Արամ Մանուկյանը ոտքի չի կանգնում դատարանում առողջական խնդիրների պատճառով»
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է «Սասնա ծռերի» 18 անդամների՝ Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործով դատական առաջին նիստը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործի դատավարությունը մեկնարկել է ավելի վաղ:
Պաշտպան Հրանտ Գևորգյանը միջնորդեց «Սասնա ծռերի» երկու գործերը միացնել և քննել միասին:
Գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ծավալուն գործեր են:
«Դատարանը նպատակահարմար չի գտել միացնել դրանք, որովհետև նախորդ դատական գործով 14 ամբաստանյալ է մասնակցում, իսկ այս գործով՝ 18, հետևաբար 32 ամբաստանյալով քրեական գործ լսելը ֆիզիկապես հնարավոր չէ: Այդ է պատճառը, որ դատարանը գործերը չի միացրել մեկ վարույթում»,- ասաց դատավորը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ որոշ ամբաստանյալների փաստաբաններ դրսում են: Նրանք հրաժարվել են, որ դատական կարգադրիչները ստուգեն իրենց պայուսակները:
Կես ժամ ընդմիջում հայտարարվեց, որպեսզի փաստաբանները ներս մտնեն դատական նիստերի դահլիճ:
Ընդիմիջումից հետո, երբ դատավորը ներս մտավ, ամբաստանյալները ոտքի չկանգնեցին:
Դատավոր Ա. Գաբրիելյանը հայտարարեց, որ բացի Արամ Մանուկյանից , ով վատառողջ է, մյուսների նկատմամբ կիառվում է դատական սանկցիա՝ նախազգուշացում, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը դիմելով դատավորին՝ ասաց. «Մինչև նախազգուշական սանկցիա կիրառելը՝ ավելի ճիշտ կլիներ հարցնել պատճառների մասին, թե ինչու ոտքի չենք կանգնել: Ինչպե՞ս հասկանանք»:
Դատավորն ասաց, որ եթե որևէ մեկն ունի առողջական խնդիր, մինչև սանկցիա կիրառելը պարտավոր է կանգնել ու ասել, որ առողջական խնդիրներ ունի, չի կարող կանգնել:
«Ես այստեղ տեսնում եմ Արամ Մանուկյանին, ով ձեռնափայտով է, հասկացա, որ առողջական խնդիրներ ունի, դրա համար ասացի՝ բացի նրանից», - ասաց դատավորը:
«Համոզվա՞ծ եք, որ Արամ Մանուկյանը ոտքի չի կանգնում դատարանում հենց այդ պատճառով:
Համոզված եմ, որ Արամ Մանուկյանի ոտքի չկանգնելը կապված չէ ընդհանրապես իր առողջական վիճակի հետ»,- նշեց Ս. Կյուրեղյանը:
Այնուհետև դատավորը հայտարարեց, որ Ս. Կյուրեղյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել և սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ նրան հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
Դատական նիստը կրկին ընդմիջվեց:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան