Չգազիֆիկացված համայնքների վերաբերյալ ներկայացվել է առաջարկությունների փաթեթ
Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակել և սահմանված ժամկետում կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ՝ այլընտրանքային եղանակով խնդրի լուծման վերաբերյալ։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, խոսքը, մասնավորապես, արևային ֆոտովոլտային պանելների և ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, իրականացված ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ առաջարկություն։
«Նախապատվությունը տրվել է առաջին հերթին ջրատաքացուցիչների կիրառմանը։ Դա չգազիֆիկացված համայնքների մեծ մասի տաք ջրի խնդրի լուծման լավագույն և փոխշահավետ տարբերակն է»,-ասել է Հայկ Հարությունյանը։
Ջրատաքացուցիչների կիրառումն իհարկե միակ տարբերակը չէ։ Առանձին համայնքների համար հնարավոր է համարվում նաև գազիֆիկացման իրականացումը։ Այդ խնդիրը դիտարկվել է նաև Հայաստանի գազամատակարար ընկերության հետ։
«Ներկայացված առաջարկությունների փաթեթը, ըստ ամենայնի, առաջիկայում կքննարկվի կառավարությունում։ Հավանության արժանանալուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Սակայն դրա համար կպահանջի բավական երկար ժամանակ և լուրջ ֆինանսական միջոցներ։ Ամեն դեպքում կառավարությունը լրջորեն է տրամադրված և պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը։ Սկզբնական շրջանում նախապատվությունը կտրվի հատկապես սահմանամերձ համայնքներին»,-նշել է Հայկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չգազիֆիկացված յուրաքանչյուր համայնքի համար կներկայացվի կոնկրետ առաջարկ
- Չգազիֆիկացված տարածքներում առկա են նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են