Հիվանդանոց ուղեգրած երեխաների 40%-ը կարող էր բուժվել իր ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի կողմից
Վորդ Վիժն Հայաստան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին տեղեկացրել է մարզերում իրականացվող մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մասին։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, ներկայացվել է վերջին 6 ամսվա ընթացքում ստեղծված 6 տեսանյութ, որից 5-ը նախատեսված է հղիների համար, իսկ 1-ը՝ երեխաներին առաջին օգնություն տրամադրելու մասին է։
Վորդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկանում են իրենց ծրագրերով նպաստել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։
Ներկայացնելով Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացրած հետազոտության արդյունքները` առողջապահական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը նշել է, որ առաջնային օղակից հիվանդանոց ուղեգրած երեխաների 40%-ը կարող էր բուժվել իր ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի կողմից։
Ծանոթացնելով առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումներին` Լևոն Ալթունյանն առաջարկել է հետագա կրթական և մյուս ծրագրերը համապատասխանեցնել նախարարարության գերակա ծրագրերին։
«Առաջնային օղակում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերում մենք կարող ենք մեկտեղել մասնագիտական ներուժը»,-ասել է նախարարը` առաջարկելով առաջիկա դասընթացների թեմաները համատեղ կազմել։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։
Նշենք, որ շտապօգնությունով հիվանդանոց տարված «մեկօրյա» հիվանդների խնդրի մասին Panorama.am-ը արդեն գրել է: Միայն թե՝ ի տարբերություն երեխաների (մինչև վեց տարեկան), այս հիվանդները պարտադիր վճարովի կարգավիճակով են:
Թեև՝ երեխաների հարցն էլ կարող է վճարի հետ կապված լինել՝ ասենք եթե բժիշկները աշխատավարձ են ստանում իրենց հիվանդների թվին բազմապատիկ: