Նախարար. Այսօրվա կրթական որակով չենք կարող դիմագրավել մարտահրավերներին
«Մենք կրթական որակի շատ մեծ պրոբլեմ ունենք։ Այսօրվա կրթական որակով, որը միջին է, չենք կարող դիմագրավել այդ մարտահրավերներին, եթե չարձանագրենք շատ բարձր արդյունքներ»,-ԱԺ-ում պատգամավորների հարցերին ի պատասխան հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է դասագրքերի խնդրին, Մկրտչյանն ասաց՝ խորհրդային տարիներին դրանք գրվում էին Մոսկվայում, այսինքն՝ դասագրքեր գրելու դպրոց չունենք: Բացի այդ, մասնագետների ու գիտնականների առաջ բարդ խնդիր է դրված՝ խորհրդային միության տարիների համեմատ օրինակ, ֆիզիկա առարկա դասաժամերի թիվը կրկնակի նվազել է, իսկ նյութը չի կրճատվել:
Նախարարի խոսքով, հիմա ցանկանում են ունենալ դասագիրք գրող մասնագետներ, մտածում են բացը լրացնել եվրոպացի մասնագետների օգնությամբ։
Երկրորդ տարբերակով, բնական գիտությունների դասագրքերը կարելի է ադապտացնել, լիցենզիաներով ներմուծել երկիր:
«Այստեղ այլ խնդիր է առաջ գալիս՝ այդ դասագրքերով ուսուցում կատարող մասնագետների: Դրա համար էլ ուսուցիչների վերապատրաստում պետք է իրականացնել»,-ասաց նա: