«Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս համագործակցում է ՀՀ-ում մի շարք արտասահմանյան կազմակերպություների հետ:
«Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի շրջանակում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կիրականացվի «Գերմանական կինոյի օր», որը կբացի «Ոսկե արմավենու» ճյուղի աժանացած Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմը: Փառատոնի տարբեր ծրագրերում ընդգրկված է վեց գերմանական ֆիլմ:
««Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնը շատ բարձր որակ ունի, ուրախ ենք, որ այս տարի ևս կկարողանանք աջակցել այս կինոփառատոնին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նա նշեց, որ 2004 թվականից Գերմանիայի դեսպանությունն ու Գյոթեի ինստիտուտն աջակցում են փառատոնին:
Ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանն ասաց, որ հենց երկրորդ փառատոնից սկսած իրենք միշտ մասնակցել են փառատոնին, ներկայացրել բազում ֆիլմեր:
«Չենք կարող առիթը բաց թողնել ու չմասնակցել այս փառատոնին՝ ներկայացնելով ֆրանսիական ֆիլմեր»,- նշեց նա:
Փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է ֆրանսիական արտադրության 10 ֆիլմ: Կաննի հիմնական մրցութային ծրագրից Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեականը» ֆիլմը կցուցադրվի Երևանյան պրեմիերաների շրջանակում:
Ալեքս Բորտոլանի խոսքով, փառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվելու ֆրանսիական կինոյի ամենահայտնի ռեժիսորներից մեկի՝ Ժան –Պիեռ Մելվիլի հիշատակին: Այս տարի լրանում է նրա 100-ամյակը:
«Ֆրանսիական կինոյի օր»-ը կբացվի Ժան –Պիեռ Մելվիլի «Կարմիր շրջան» ֆիլմով, կներկայացվի ռեժիսորի ևս 4 ֆիլմ:
«Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի «Լեհական կինոյի» օր:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոյանն ասաց, որ լեհական կինոյի օրը նվիրվում է լեհական կինոյի մեծ վարպետ Անջեյ Վայդային, ով կյանքից հեռացել է անցած տարի: Նա 2016-ին պատրաստվում էր այցելել Երևան և ստանալ կինոփառատոնի Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում իր մեծ ավանդի համար: Նրան հետմահու այս մրցանակով պարգևատրելով և վերջին՝ «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությամբ փառատոնը հարգանքի տուրք է մատուցում նրա հիշատակին:
Մելինե Եղոյանը նշեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հասել է բարձր մակարդակի, մեծ ճանաչում ունի ոչ միայն տարածաշրջանում, նաև աշխարհում:
«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 9-16-ը:
Հարակից հրապարակումներ`
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին