Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործով դատական նիստին նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին առաջարկեց այլ պաշտպան ընտրել, իսկ հրաժարվելու դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ այլ պաշտպանի կներգրավվի: Դատավորն ասաց, որ Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Հայրապետյանն արդեն 3-րդ նիստն է անընդմեջ չի մասնակցում դատական նիստին, ներկայացրեց Քրեական դատավարության 304-րդ հոդվածի (Պաշտպանի մասնակցությունը դատական քննությանը և նրա չներկայանալու հետևանքները) 2-րդ կետը:
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց. «Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում: Նորից եմ պնդում, որ իմ բացակայությամբ նրանք դատական նիստին մասնակցելու իրավունք չունեն: Իսկ ձեր պաշտպաններին պահեք ձեզ: Տիգրան Հայրապետյանը մնում է իմ պաշտպանը»:
Դատավորը հայտարարեց, որ մեկ ժամ է տալիս ամբաստանյալին՝ ներկայացնելու հստակ դիրքորոշում:
«Կարող եք մեկ րոպե տրամադրել: Իմ դիրքորոշումը հստակ է, իմ պաշտպանությունն իրականացնելու է Տիգրան Հայրապետյանը»,- ասաց Ժ. Սեֆիլյանը:
Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը նույնպես հայտարարեց, որ իր պաշտպանը լինելու է միայն Տիգրան Եգորյանը: Դատավորը հայտարարեց, որ նա արդեն 4-րդ նիստն է չի ներկայանում, հետևաբար առաջարկում են այլ պաշտպան ընտրել, իսկ հրաժարվելու դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ այլ պաշտպանի կներգրավվի:
«Լիազորում եմ միայն Տիգրան Եգորյանին: Չեմ լիազորում Տիգրան Եգորյանին իմ բացակայության ժամանակ իմ անունից հանդես գալ: Պաշտպան Եգորյանը չի ներկայանում իմ պահանջով»,- ասաց Գ. Սաֆարյանը:
Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը չհրաժարվեց իր փաստաբաններ Արայիկ Պապիկյանից և Նինա Կարապետյանցից:
«Արայիկ Պապիկյանը երեք նիստի չի մասնակցում»,- հայտարարեց դատավորը՝ ապա հայտարարեց մեկ ժամ ընդմիջում՝ մյուս պաշտպանի՝ Նինա Կարապետյանցին դատարան ներկայանալու համար:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանը: Նրանց բերում էին դատական նիստերի դահլիճ մի քանի րոպեով՝ պաշտպանների ներգրավվելու հարցի համար:
Հարակից հրապարակումներ`
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը սկսվեց փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառմամբ
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական առաջին նիստը տևեց մի քանի րոպե
- Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան