Տիգրան Աբրահամյան. Ուսումնասիրվում և հաշվարկվում է առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահելու հարցը
«Առաջիկայում բանակում և հատկապես առաջնագծում մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվելու, որոնք էականորեն ազդելու են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման վրա»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով, Արցախում ներկայումս ուսումնասիրվում և հաշվարկվում են առաջնագիծը մշտապես խմելու ջրով ապահելու հարցը: Պիլոտային ծրագիրը բարեհաջող իրականացվել է Ջրականում (նախկինում՝ Ջաբրայիլ, որոշ դիրքեր ապահովված են մշտական ջրով):
«Առաջնագծում ծառայած և ծառայող մարդիկ լավ գիտեն այս ծրագրի իրական էֆեկտիվությունն ու գինը, իսկ զինծառայողների հետ անցկացվող զրույցների ժամանակ այս ծրագրի իրականացումը ամենանախընտրելիներից է:
Ծրագրի ներդրումը մեծ թվով խնդիրներ կլուծի. առաջին հերթին զինծառայողներին օրվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ ջրի օգտագործման հնարավորություն կընձեռվի:
Երկրորդ, ջրի մեքենաները մշտապես հակառակորդի թիրախում են և անվտանգության առումով լուրջ խնդիրներ են ստեղծում վարորդների համար, ծրագրի իրականացմամբ այս վտանգն ամբողջությամբ կչեզոքացվի: Երրորդ, այն կապահովի ֆինանսական մեծ տնտեսումներ:
Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ծրագիրը սեղմ ժամկետներում շինարարական ակտիվ փուլ տեղափոխել»,-գրել է Տիգրան Աբրահամյանը: