+40 աստիճանի պայմաններում աշխատողների համար հատուկ ընդմիջումներ են սահմանված
«Ժամը 16:30 դրությամբ Երևանում +40 աստիճան է»,-գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածը սահմանում է. «Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճանից բարձր կամ մինուս 10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի վարձատրության բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Սարգսյանը Panorama.am-ին հայտնեց, որ տվյալ ջերմաստիճանը պետք է լինի ոչ թե դրսում, այլ տվյալ պահին` աշխատավայրում:
Փողոցում՝ արևի տակ կանաչի, միրգ վաճառող տատիկը հազիվ թե հատուկ ընդմիջում անի:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պաշտոնական էջում շոգի պայմաններում աշխատողների իրավունքների վերաբերյալ կոչ, հորդոր ու տեղեկատվություն չկա: Եթե ինչ-որ գործատու հրաժարվի էլ ընդմիջում տրամադրել, դժվար թե աշխատողը որևէ մեկին բողոք ներկայացնի:
«ՄԻՊ-ը այս հարցին վերաբերող որևէ հարցում, դիմում չի ստացել»,-Panorama.am-ին ասացին ՄԻՊ աշխատակազմից:
Նշենք, որ օրենքի համաձայն, լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7
- ԱԻՆ-ը զգուշացնում է. Կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն
- Սննդագետ. Ամռանը պետք է ուտել ոչ թե խոզի, այլ ձկան ու բանջարեղենի խորոված
- Մասնագետների խորհուրդները՝ ինչպես դիմակայել ամռան շոգին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում